Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցը շարունակում է շրջափակված մնալ ոստիկանների կողմից. նրանք թույլ չեն տալիս վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդներին դուրս գալ քաղաքից և շարժվել դեպի Երևան:
Epress.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով այս պահին գտնվում է Գյումրիում:
«Այս պահին մենք շրջափակման մեջ ենք, և մարդիկ որոշել են այսօր` ժամը 13:30 հանրահավաք անցկացնել հենց Սայաթ-Նովա փողոցի հրապարակում»,- ասել է Փոստանջյանը:
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ այսօր Գյումրիի և Վանաձորի վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները որոշել էին գալ Երևան` Կառավարության շենքի առջև ակցիա իրականացնելու համար, սակայն ոստիկանները խոչընդոտել էին վարորդների ընթացքը:
Epress.am-ը զրուցել է նաև Գյումրիում Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային կառույցի համակարգող Աշոտ Զաքարյանի հետ, ով ասել է, որ Կոնգրեսի ներկայացուցիչները ևս մասնակցելու են հանրահավաքին:
«Փաստորեն ինքնաբուխ հանրահավաք է կազմակերպվել, և ՀԱԿ-ը ակտիվորեն մասնակցելու է »,- ասել է Զաքարյանը:
Նա նշել է, որ ոչ միայն Գյումրիի Սայաթ-Նովա փողոցն է շրջափակված ոստիկաններով, այլ նաև դեպի Երևան տանող մայրուղու վրա տեղակայված են ոստիականական մի քանի հենակետեր:
Հիշեցնենք, որ սկսած փետրվարի 5-ից` մի քանի տասնյակ վարորդներ բողոքում են Վրաստանից Հայաստան բերվող մեքենաների համար սահմանված բարձր մաքսատուրքի դեմ: