«168 ժամ» օրաթերթը տեղեկացնում, որ տևական ժամանակ է` Հայաստանի իշխանությունները մտահոգված են Սփյուռքում կատարվող զարգացումներից ու հայկական կազմակերպությունների ծավալած գործունեությունից:
Այդ պատճառով էլ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին արտոնել էին հապշտապ ու բավականին անակնկալ կերպով հայտարարել, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է Սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանի խորհրդարանը դարձնել երկպալատ, որպեսզի Վերին պալատում ներգրավված լինեն նաև սփյուփքահայ գործիչներ: Բանն այն է, որ Սփյուռքում, հատկապես` ԱՄՆ-ում, հայ համայնքն ու հայկական կազմակերպություններն դժգոհ են ՀՀ իշխանություններից և որոշել են համախմբվել ամբողջ աշխարհի ներուժն ու համակարգող կառույց ստեղծել: Եվ այդ կառույցը չպետք է նման լինի Արա Աբրահամյանի ղեկավարած Համաշխարհային հայկական կոնգրեսին, որն ավելի շուտ այդ լծակները ծառայեցնում է սեփական բիզնես գործունեության համար: Իշխանական մեր աղբյուրների համաձայն` սփյուռքի այդ նախաձեռնությունն առայժմ համակարգում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հիմնադիր Հարութ Սասունյանը: Եվ այս նախաձեռնությունը կանխելու նպատակով ՀՀ իշխանությունները որոշել են սփյուռքահայերին գայթակղել երկպալատ խորհրդարանի գաղափարով: