«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է երեկ ստորագրված կոալիցիոն հայտարարությանը:
– Համաձայն եք, որ դեռ բավական ժամանակ կա մինչ խորհրդարանական ընտրություններ` մեկ տարուց ավելի, մինչև նախագահական` ընդհանրապես ավելի երկար ժամանակ կա, ուրեմն ինչո՞վ է բացատրվում այս շտապողականությունը, այսպես թե այնպես` կար կոալիցիոն հուշագիր, նորի կարիքը ինչո՞ւ առաջացավ:
– Ես արդեն ասացի, կոալիցիոն ձեր նշած հուշագրից հետո բավականին փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ` ճգնաժամը, սոցիալական խնդիրների սրված վիճակը, օրինակ` վրաց-օսական պատերազմը, օրինակ` հայ-թուրքական հարաբերությունները, կամ` ղարաբաղյան հարցում ռազմատենչ հայտարարություններով այսքան ակտիվ չէին և այլն: Իսկ այս կարգի խնդիրները մեկ օրում հնարավոր չէ լուծել, մանավանդ` մեր ժողովրդին պետք է , որպեսզի այս խնդիրները լուծվեն: Դրա համար անհրաժեշտ է թիմ, որը համախմբված կգնա այդ հարցերի լուծմանը: Եվ այդ թիմը հայտարարում է իր հետագա քայլերի ռազմավարությունը և մարտավարությունը: Իսկ մենք հայտարարում ենք, որ պետք է գնանք երկարաժամկետ լուծումների այս թիմով և նախագահականի գլխավորությամբ:
– Ինչ երաշխիք ունեք, որ նախագահական ընտրություններից անմիջապես առաջ իրավիճակը չի փոխվի, ի՞նչ երաշխիք, որ հավատարմությունը կտևի մինչև անհրաժեշտ պահը:
– Տեսականորեն ոչինչ բացառել չի կարելի, բայց մյուս կողմից էլ` իսկ ինչ երաշխիք, որ մենք վաղը չենք արթնանա ջրհեղեղի մեջ: Իսկ կոալիցիոն երեք ուժերը կայացած քաղաքական ուժեր են, իրենց որոշումները մանրամասն ծանր ու թեթև են արել, և այսօրվա դրությամբ փաստաթուղթը գործում է, իսկ թե ինչ կարող է լինել երկու-երեք-տասը տարի հետո` որևէ մեկը չի կարող ասել: