«Հավաքվում ենք, որ էս կառավարությունը վերջիվերջո ամոթ զգա, վերջ տա թանկացումներին, թողնի հանգիստ ապրենք»,- այս մասին Epres.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մատենադարանի հարակից տարածքում անցկացվող Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակից Հովհաննես Հովհաննիսյանը, ով եկել է Ապարանից:
Խոսելով Հայաստանում Թունիսի և Եգիպտոսի սցենարների կրկնության հավանականության մասին` մեր զրուցակիցը նշել է, որ նման սցենար հավանական է համարում:
«Մենք էլ ուզում ենք ստեղի Մուբարաքին քցենք պոստից: Պատճառը ոչ միայն սոցիալական վիճակն է: Էս երկրում մարդ իրան մարդ չի զգում, ոտնահարված են մարդու իրավունքները, մարդ որպես արժեք գոյություն չունի», – ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ իրենք Ապարանից 300 հոգով, սեփական մեքենաներով եկել են` մասնակցելու հանրահավաքին: Նրա խոսքով` իրենց Երևան են հասել առանց խոչընդոտների:
Հանրահավաքի մեկ այլ մասնակից, ով եկել է Աբովյանից, համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Եգիպտոսի դեպքերի կրկնությունը բացառվում է, քանի որ «նրանք մուսուլման են, ինչը նրանց առնական է դաստիարակում, իսկ մեր Ավետարանը մեզի` թրջված հավ»:
«Ես բոլոր դեպքերում էլ Լևոն Տեր-Պետրոսյանին տեղ եմ տալիս», – հավելել է նա` նշելով, որ «կռվով-դավով է հասել Երևան, քանի որ Աբովյանից տռասպորտ չի աշխատել:
«Քաղաքապետերին ու գյուղապետերին հրահանգ է տրված, որ միջքաղաքային երթուղիները չաշխատեն: Անգամ տաքսի-սերվիսներին են զգուշացրել աշխատանքի դուրս չգալ», – ասել է մեր զրուցակիցը: