Մատենադարանի հարակից տարածքում այսօր հրավիրված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշել է, որ Կոնգրեսի տեղեկություններով` Երևանի քաղաքապետարանը այսուհետ արգելելու է փոքր կրպակներում առևտուր իրականացնել ժամը 20:00-ից հետո:
Ըստ Մուսինյանի` դա արվում է նրա համար, որ խոշոր սուպերմարկետներ ունեցողներն ավելի հարստանան:
«Միջին խավը ցանկացած հասարակությունում անկախ է, և այս խավի գոյությունը այս ռեժիմի համար անընդունելի է: Այս ռեժիմը առաջնորդվում է` «ուժեղ ես` նվաստացրու» սկզբունքով: Եթե չկա միջին խավ, չկա դիմադրություն, բոլոր ճանապարհները բացվում են ընտրությունների կեղծման, մարդկանց փողոցում գնդակահարելու համար», – ասել է Մուսինյանը:
Նրա խոսքով` Կոնգրեսն իր հետևողական աշխատանքի շնորհիվ հասավ նրան, որ հասարակությունը գիտակցի, որ առկա խնդիրներն առանձին վերցված սոցիալական հարցեր չեն, այլ քաղաքական հարցեր: