ՀՀ տնտեսության աճի տեմպը 2010 թվականին եղել է ամենացածրը վերջին 15 տարիներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա հավաստմամբ` այս տարեվերջին կարձանագրվի միջին տնտեսական աճ` 3-4 տոկոս: Եվ սա հիմնականում պայմանավորված է լինելու գյուղատնտեսական, սպասարկման և ներմուծման աճի հետ:
Ասատրյանի խոսքով` Հայաստանը 2008-ի նախճգնաժամային իրավիճակին կհասնի միայն 2014 թվականին: Ինչ վերաբերում է գնաճին, ապա ԿԲ նախկին նախագահի խոսքով, միջազգային գների աճը ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի վրա, սակայն հայկական քաղաքականության հետևանքով է, որ գնաճը Հայաստանում կկրկնապատկվի:
Ըստ Ասատրյանի` Եվրոպական շուկաներում պտղի գների հետ հայաստանյան գները համեմատելու դեպքում չափազանց տխուր պատկեր է ստացվում: Օրինակ` Հայաստանում կարտոֆիլի գինը 1,5 անգամ բարձր է, քան եվրոպական երկրների շուկաներում:
«Այս տարի 8-9 տոկոս գնաճ կլինի: Ես զարմանում եմ, որ կառավարությունը հրաժարվում է որևէ բան անելուց: Անցած տարիներին կիրառած միջոցները ավելի անարդյունավետությամբ էին առանձնանում, քան արդյունավետությամ», – ասել է Ասատրյանը:
Նա անդրադարձել է նաև մեքենաների բարձր մաքսերին` նշելով, որ Եվրոպայում մեքենաները 30-40 տոկոսով ավելի էժան են: «Ինչո՞ւ մենք ամենաթանկ գինը պիտի վճարենք ամեն ինչի համար, – հարց է բարձրացրել տնտեսագետը»:
Ասատրյանը վերջերս է վերադարձել Եվրոպայից և խոստովանել է, որ այնտեղ շատ հազվադեպ է նկատել թանկարժեք «Բրաբուս» ավտոմեքենաների, մինչդեռ Հայաստանում դրանք ամենուր են: Իսկ մի բան, որ նախկին չինովնիկը Եվրոպայի փողոցներում չի տեսել, ոստիկաններն են, ինչը, նրա խոսքով, չի կարելի ասել Հայաստանի մասին: