Հինգշաբթի վաղ առավոտյան Լիբիայի քաղաքացիները դուրս էին եկել փողոց` իրենց բողոքն արտահայտելու երկրի «կոռումպացված իշխանությունների» դեմ: Նրանք ցանկանում են տապալել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին, ով կառավարում է երկիրը 41 տարի:
Լիբիայի բնակիչները, ոգեշնչված Թունիսի և Եգիպտոսի իադարձություններից, նույնպես «Ցասման օր» են կազմակերպել:
Տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ իշխանամետ ուժերի հետ բախման արդյունքում մինչև 20 ցուցարարներ են զոհվել:
«Այսօր լիբիացիները կոտրում են վախի պատը, սա նոր լուսաբաց է», – «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում ասել է երկրից աքսորված ընդդիմադիր առաջնորդ Ֆաիզ Ջիբրիլը:
Երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Բենղազիում տեղի ունեցած իրադարձությունների մասնակից Աբդուլան, ով խոսել է «Ալ Ջազիրայի» հետ, պատմել է, որ վկա է եղել ոստիկանության կողմից իրականացրած 6 անզեն ցուցարարների սպանության:
Նա նաև նշել է, որ կառավարությունը բանտերից մոտ 30 հանցագործ է բաց թողել` վճարելով և զինելով նրանց` փողոցում ժողովրդի դեմ պայքարելու համար:
Լիբիական ընդդիմաիր «Ալ-Յում» կայքը նշում է, որ 4 մարդ զոհվել է Ներքին Անվտանգության Ծառայության ուժերի դիպուկահարների արձակած կրակոցներից Լիբիայի արևելյան Ալ-Բայդա քաղաքում, որտեղ նույնպես ցույցեր են տեղի ունեցել չորեքշաբթի և հինգշաբթի, հաղորդում է AP լրատվական գործակալությունը: