Սերժ Սարգսյանը, վտանգի ենթարկելով իր երկիրը, ձեռնարկել է մի գործ` վստահ չլինելով, թե ինչ արդյունք է ունենալու այն: Այս մասին փետրվարի 18-ին հնչեցրած իր ելույթում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկնաբանություններին, որոնք վերջինս արել է հունվարի 27-ին «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Սերժ Սարգսյանը երկար-բարակ անդրադառնում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, սկզբից ևեթ հարկ համարելով նշել հետևյալը. «Երբ մենք սկսեցինք այդ գործընթացը, այնքան էլ վստահ չէինք, որ հարաբերություններն անպայման կկարգավորվեն, և սահմանները կբացվեն»։ Ակնհայտորեն սա պատասխանն է Սարգսյանին հասցեագրված այն հիմնավոր մեղադրանքի, որ ստորագրելով հայ–թուրքական արձանագրություններն ու կասեցնելով դրանց վավերացումը, թուրքերը փաստորեն խաբեցին հայերին և ստացան իրենց ուզածը։ Ինքնարդարացման ողորմելի մի փորձ, որով նա ձգտում է հավատացնել, թե իբր ոչ թե խաբվել է թուրքերից, այլ նախապես իմացել, որ իր նախաձեռնությունը կարող է տապալվել։ Սարգսյանը չի նկատում, սակայն, որ այդպիսով ավելի անհարմար վիճակի մեջ է դնում իրեն, այլ կերպ ասած, խույս տալով ջրափոսից, ընկնում է ճահիճը։ Ստացվում է, որ «պետական այրի» հավակնություն ունեցող մի անձ կարող է, վտանգի ենթարկելով իր երկիրը, ձեռնարկել մի գործ, վստահ չլինելով, թե ինչ արդյունք է ունենալու այն։ Ի՞նչ է սա՝ դիվանագիտական տհասությո՞ւն, քաղաքական արկածախնդրությո՞ւն, թե՞ խաղատնային մարտավարություն (անգլերեն՝ gamble)։ Ընտրեք՝ որն ուզում եք», -հայտարարել է Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքով` զավեշտալի է, սակայն, այն, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալման փաստը Սարգսյանը ոչ թե իր դիվանագիտության ձախողումն է համարում, այլ որ փորձում է դրանում նույնիսկ դրական արդյունք տեսնել։
«Իսկ դրականն, ըստ Սարգսյանի, այն է, որ աշխարհը համոզվեց, որ մեղավորն այդ հարցում ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան։ Կարծես, աշխարհն «Էթիկայի հանձնաժողով» է, որի վճռից կախված է ժողովուրդների ու պետությունների բախտը։ Ենթադրենք, սակայն, որ աշխարհն իսկապես համոզվեց, որ մեղավորը Թուրքիան է, ենթադրենք, որ միջազգային հանրությունն ամոթանք տվեց այդ երկրին։ Հետո ի՞նչ։ Թուրքիան դրանից ի՞նչ վնաս կրեց, և եթե կրեց անգամ, մի՞թե բարոյական այդ վնասը լիուլի չի հատուցվում նրա ծանրակշիռ քաղաքական ձեռքբերումներով, այն է՝ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմի համաձայնությունը կորզելով և կասեցնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ԱՄՆ Կոնգրեսում։ Բարոյական վնաս ասվածն էլ, ի դեպ, խիստ կասկածելի է, որովհետև որևէ պետություն կամ միջազգային կազմակերպություն ո՛չ պարսավեց, ո՛չ անարգանքի սյունին գամեց, ո՛չ էլ պատժեց Թուրքիային։ Քաղաքականության կամ դիվանագիտության մեջ ոչ ոք ապահովագրված չէ սխալներից ու անհաջողություններից։ Բայց հայտնվել ծիծաղելի վիճակում, դա արդեն նվաստացուցիչ է թե՛ պետության ղեկավարի, և թե՛, մանավանդ, ազգի համար», – ասել է ընդդիմության առաջնորդը։
Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է նաև Սերժ Սարգսյանի կողմից անցյալ ամիս Կիպրոս կատարած իր պաշտոնական այցի ընթացքում արված այն հայտարարությունը, համաձայն որի «հայերը երբեք չեն վարանել սատարել եղբայր կիպրոսցիներին, ինչո՞ւ չէ՝ նաև պայքարել Կիպրոսի տարածքային ամբողջականության համար: …Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ։ Մենք երբեք չենք համակերպվել և չենք համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ։ Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի և Թուրքիայի գրաված այլ տարածքների մասին։ Հիշում ենք, քանի որ չհիշել՝ կնշանակի հաշտվել ստեղծված իրավիճակի, այս երկրի հանդեպ գործադրված բռնության հետ։ Մենք իրերն անվանում ենք իրենց իսկական անուններով, որպեսզի հանցագործությունը չկոծկվի, իսկ Կիպրոսի խնդիրն էլ գտնի իր արդարացի եւ իրավական լուծումը»։
«Այսպիսով, Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոց է ներմուծում մի նոր փաստարկ՝ կիպրական խաղաքարտը, ինչն, իմ կարծիքով, անհաշվենկատ է մի քանի նկատառումներով. ա. Դա նոր բարդություն է ստեղծում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործում. բ. Այդ հարաբերությունների բարելավման ուղղությամբ դրական տեղաշարժի արձանագրման պարագայում Հայաստանը հայտնվում է անհարմար վիճակում՝ ստիպված լինելով հրաժարվել նշված խաղաքարտից. գ. Հայաստանի նման շռայլությունը զարմանալիորեն չի փոխհատուցվում Ղարաբաղի հարցի վերաբերյալ Կիպրոսի կամ Հունաստանի համարժեք հայտարարությամբ։ Այս նկատառումները շարադրելուց հետո Սարգսյանի հայտարարությանը տրված գնահատականը գուցե նույնիսկ չափազանց մեղմ կարող է թվալ։ Թեև մյուս կողմից՝ չեմ բացառում, որ ես սխալվում եմ, և այդ հայտարարությունը շատ էլ հաշվենկատ է, այն էլ բառիս բուն իմաստով, եթե նկատի ունենանք կիպրական բանկերում Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների ավանդների քաղաքական ապահովագրման անհրաժեշտությունը», – ասել է Տեր-Պետրոսյանը։