Կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո ՀՀ նախագահը նվաստացուցիչ իրավիճակում է հայտնվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:
«Նույնիսկ անգամ այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանն ստորագրեց Սերժ Սարգսյանի անունը պարունակող ներկոալիցիոն հուշագիրը, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը նվաստացած վիճակում է», – ասել է նա:
Հրապարակախոսի կարծիքով, եթե ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն «քաղաքական թիմ էին, նման հարց պիտի չառաջանար»: Իրականում, սակայն, Պասկևիչյանի խոսքերով, ստեղծվել է մի այսպիսի իրավիճակ. «Ճիշտ է` ամեն ինչ լավ չի, ճիշտ է` ամեն ինչ էնպես չի, դու լավ նախագահ չես, բայց մենք ստիպված ենք ստորագրել ներկոալիցիոն հուշագիրը»:
Պասկևիչյանն ընդգծել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նա ունի շատ ստույգ և ընդգծված բացասական վերաբերմունք, սակայն, ըստ նրա, Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նման բան հնարավոր չէր: Նա նաև կարծիք է հայտնել, նման պահանջի այսքան շուտ առաջ գալը վախի մթնոլորտի արդյունք է:
«Ես կարծում եմ, որ դա կապված էր Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ: Եվ փորձը ցույց է տալիս, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շղթայական ռեակցիայով տարածվում է, և էդ տարածումը կարող է հասնել նաև Հայաստան»:
Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, իր հերթին, նշել է, որ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները չեն կարող Հայաստանը դեպի առաջ տանել` նույնիսկ նման ցանկություն ունենալու պարագայում:
«Գլխավորապես իրենք բիզնես ակումբներ են», – ասել է վերլուծաբանը` ցանկություն հայտնելով, որ ԲՀԿ-ՀՀԿ միասնությունը չլիներ: «Արդյունքում Սերժ Սարգսյանը, կարծես թե, շահեց, բայց հայ ազգը կորցրեց իշխանության մեջ երկու բևեռներ առաջանալու մի հնարավորություն, և եթե լիներ նաև ընդդիմությունը որպես մեկ այլ բևեռ, և այս երեքի մեջ արդեն խաղի կանոն հաստատել ավելի դյուրին կլիներ», – հայտարարել է Պեպանյանը: