Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները ՀՀ իշխանություններից պահանջում և ակնկալում են իրենց հարցի լուծման շուտափույթ արձագանք և կոնկրետ միջոցառումներ: Գյումրիում այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վարորդները հայտարարել են, որ պատրաստ են փողոցից ներս գնալ և մասնակցել բանակցությունների` ցանկացած ձևաչափով:
«Մենք` ՀՀ Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի ՀՀ ԱԺ կատարած, խնդրո առարկա փոփոխությունների բերումով չենք կարող սպասել մեր խնդիրների լուծման ուղղությամբ պատշաճ արձագանքի, ավելի քան մինչև փետրվարի 28-ը»,- ասված է ասուլիսի ժամանակ տարածած նրանց հայտարարության մեջ:
Նրանց խոսքով` պատշաճ արձագանք չունենալը իրենց համար նշանակում է այլընտրանքի բացակայություն:
«Այդ դեպքում դիմելու ենք ծայրահեղ միջոցների, այդ թվում` մեր մեքենաների ազատ անցուդարձը Հայաստան ապահովելու համար դիմելու ենք Վրաստանի իշխանություններին, խնդրելու ենք մեզ Վրաստանի քաղաքացիություն շնորհել և այլն», – նշել են վարորդները:
«Ազատ տեղաշարժման և ազատ արտահայտման, ՀՀ Սահմանադրությամբ մեր ունեցած հիմնարար իրավունքների այս ոտնահարումները մենք գնահատում ենք որպես այլանդակ ապօրինություն, որ տեղի է ունեցել սրանցից ավելի վեր եղող առայժմ մեզ անհայտ պաշտոնյաների թողտվությամբ և հրամաններով: Բոլոր այս ապօրինությունների ժամանակ, մեր, լրագրողների, պատգամավորների և հասարակական գործիչների հարցումներին ոստիկաններից որևէ մեկը հոդաբաշխ բացատրություն չի կարողացել տալ, ասվել է` «no comment», կամ «հրաման է` կատարում ենք», կամ «այդպես է պետք»:
Հիշեցնենք, որ սկսած փետրվարի 5-ից` մի քանի տասնյակ վարորդներ բողոքում են Վրաստանից Հայաստան բերվող մեքենաների համար սահմանված բարձր մաքսատուրքի դեմ:
Երեկ վարորդները Գյումրիի կենտրոնական հրապարակում հանրահավաք են անցկացրել նրանից հետո, երբ ոստիկանները արգելել են նրանց շարժվել դեպի Երևան` ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու համար և ամբողջությամբ փակել են Գյումրիի Սայաթ-Նովա փողոցը: