Home / Հայաստան / Սա ժողովրդի երեսին թքել է. պատգամավորը կոալիցիոն հայտարարության մասին

Սա ժողովրդի երեսին թքել է. պատգամավորը կոալիցիոն հայտարարության մասին

Սա ժողովրդի երեսին թքել է: Այսպես է Հայաստանում իշխող կոալիցիայի երեկվա հայտարարությունը մեկնաբանել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Ես, անկեղծ ասած, զարմացա, որ կարելի է նման տեքստ ստորագրել, որն ամոթալի է ոչ միայն երկրի համար, այլ նաև պետք է ամոթալի լիներ դա ստորագրողների համար: Միջնեկ եղբայրը մեծ եղբորից փոքր է: Սա նշանակում է հայտարարություն առաջիկա խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար», – ասել է Սաֆարյանը:

Նրա խոսքով` ավելի պարկեշտ կլիներ միասնական համագումար անել և հայտարարել, որ կուսակցությունները միավորվում են:

Սաֆարյանը նշել է, որ հայտարարության ակնարկը հետևյլան է. «Մեծից փոքր հարաբերակցությունը պահելու ենք, թե ում ինչքան` դա բազարի խնդիր է»:

Ըստ նրա` «Ժառանգությունը» շարունակում է մնալ այն քաղաքական ուժը, որը դիտարկում է ընդդիմության միասնականությունն անհրաժեշտ պայմաններից մեկը երկրում փոփոխությունների համար:

«Մենք փորձել և փորձում ենք համագործակցություն ստեղծել մեր ընդդիմադիր գործընկերների հետ: Ինչպիսին կլինի միասնականության ֆորմատը, սա էական չէ, էականն այն է, որ բոլորս շարժվենք նույն ուղղությամբ և լուծենք այն խնդիրները, որոնք առկա են», – հայտարարել է բանախոսը:

Խոսելով Հայ Ազգային Կոնգրեսի հետ համագործակցության մասին` Սաֆարյանը նշել է, որ «այն մոտեցումը` միացեք ինձ, ընդունեք այս, ընդունեք այն, նույնն է, ինչ հանրապետականի մոտեցումը, այս հուշագիրը նման մոտեցման ծնունդ է»:

«Պետք է պայմանավորվել, իրար աջակցել օրակարգի շուրջ», – նշել է Սաֆարյանը: