ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է Facebook, Google, Apple և մի շարք այլ խոշոր ընկերությունների ներգրավել ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտ` իր նախաձեռնություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նախագահը Սան-Ֆրանցիսկոյում ճաշկերույթ էր կազմակերպել, որին հրավիրված են եղել բարձր տեխնոլոգիներով զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններին ղեկավարները: Հյուրերի թվում էին Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդթը, Twitter, Yahoo, NetFlix և Oracle ընկերությունների ղեկավարները:
Օբամայի նպատակն էր այդ ճաշկերույթի ընթացքում շահագրգռել ընկերությունների ղեկավարներին Սպիտակ տան նախաձեռնությունների ֆինանսավորման հարցում և դրանով իսկ ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր նախագծերի իրականացման ֆինանսավորումը նույնիսկ այն դեպքում, երբ Կոնգրեսը հրաժարվի այդ նպատակներով բյուջեից գումար տրամադրել; Օբաման նախատեսում է մի քանի միլիարդ դոլար ներդնել մաքուր էներգիայի, կրթության և գերարագ ինտերնետի զարգացման գործում: