ՀՀայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման (USAID) գրասենյակը և ողջ ԱՄՆ դեսպանությունը լուրջ են վերաբերվում ԱՄՆ հարկատուների միջոցների տնօրինման իրենց պարտավորությանը և պարտավորվում են աջակցությանն ուղղված բոլոր միջոցները կիրառել արդյունավետ կերպով` ի շահ Հայաստանի: Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Նման հաղորդագրության պատճառ է հանդիսացել այն փաստը, որ փետրվարի 18-ին Վիրջինիա նահանգի Դալլաս քաղաքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գլխավոր վերստուգիչ գրասենյակում դաշնային գործակալների կողմից ձերբակալվել է 62-ամյա Մայքլ Հեյզը: Հեյզը մեղադրվում է ԱՄՆ կառավարությանը պատկանող ավելի քան 19000 ԱՄՆ դոլար գումար յուրացնելու մեջ` հրահանգելով ԱՄՆ ՄԶԳ-ի շահառու հանդիսացող հայկական առևտրային բանկին ԱՄՆ կառավարության պարտք միջոցներն ուղարկել իր անձնական բանկային հաշվին: 2009թ. հունվարին` հանցանքի կատարման ժամանակ, Հեյզը անձնական ծառայությունների պայմանագրով աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակում` որպես ֆինանսական կառավարման հարցերով պատասխանատու:
«Մենք չենք հանդուրժում անձնական շահ ստանալու նպատակով պաշտոնական դիրքի չարաշահումը և ուսուցանում ենք մեր աշխատակիցներին բացահայտել կասկածելի գործողությունները և զեկուցել դրանց մասին: Մենք կշարունակենք խստորեն հետևել մեր աշխատանքի անաչառությանը, որն իրականացվում է Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների անունից»,- ասված է հաղորդագրության մեջ: