Ներկա իրավիճակում Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի համար ավելի ընդունելի ֆիգուր է, քան ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Vesti.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը:
Նրա խոսքով` Սարգսյանը «Սարգսյան-Քոչարյան տանդեմի շարունակողն է», որն իշխանության է եկել Ռուսաստանի օգնությամբ:
Իսկ ահա Տեր-Պետրոսյանի հայացքները, Նամազովի խոսքով, անհանգստացնում են Կրեմլին:
«Որպես օրինակ կարելի է բերել այնպիսի պահեր, ինչպիսիք են Տեր-Պետրոսյանի ձգտումը կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտությունը փուլ առ փուլ կարգավորելու պատրաստակամությունը, ինչպես նաև Արևմուտքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ցանկությունը: Թեև Տեր-Պետրոսյանը նույնպես փորձում է դրական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, սակայն Սարգսյանի ֆիգուրը Մոսկվայի համար ավելի հարմար է», – ասել է քաղաքագետը:
Խոսելով Տեր-Պետրոսյանի «արևմտամետության» մասին` ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը հայտարարել է, որ «չարժե էյֆորիայի մեջ ընկնել ու կարծել, թե Տեր-Պետրոսյանի` իշխանության գալու դեպքում Ադրբեջանի հետ հարաբերություններն անմիջապես կկարգավորվեն»:
Նրա խոսքով` «միակ բանը, որ տարբերում է Տեր-Պետրոսյանին Սարգսյանից, այն է, որ նա ավելի ճկուն է, կիրթ և տակտիկական հարցերում կարող է որոշակի փոխզիջումների գնալ: Հատկապես որ Տեր-Պետրոսյանը ավելի շատ կողմնորոշվելու է Արևմուտքի վրա: Եվ այդ ձևաչափով հնարավոր են որոշակի տակտիկական փոփոխություններ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում»: