Փետրվարի 21-ին ՀՀԿ փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անրի Ռենոյի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Ֆրանսիայի դեսպանի խնդրանքով Գալուստ Սահակյանն անդրադարձել է գալիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հեռանկարին, այս հարցում ՀՀԿ-ի քաղաքական մոտեցումներին, կոալիցիոն համատեղ հայտարարությանը և ընդհանրապես երկրի քաղաքական համայնապատկերին:
Մասնավորապես, խոսելով երկրի արտաքին ու ներքին մարտահրավերների մասին` ՀՀԿ խմբակցության ղեկավարը արձանագրել է, որ քաղաքական ուժերի համախմբումը կարևոր դեր ունի ժողովրդի միասնության գործում:
Սահակյանը նշել է, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթած ՀՀԿ կուսակցությունը առանձին չգնաց գործադիր մարմին ձևավորելու ճանապարհով, այլ միասնության կոչով հանդես եկավ, որի արդյունքում չորս քաղաքական ուժեր կոալիցիա կազմեցին:
«Կուսակցության այս մոտեցումը քաղաքական մշակույթ է դարձել, և վերջերս քաղաքական կոալիցիա կազմած երեք կուսակցությունների համատեղ հայտարարությունը դրա վառ ապացույցն է», – ասել է ՀՀԿ-ականը:
Ըստ Սահակյանի` դա յուրօրինակ հաշվետվություն էր ժողովրդին. կոալիցիան ցույց է տվել իր անցնելիք ճանապարհը, որպեսզի մինչև ընտրությունը ժողովրդի մեջ հարցականներ չմնան իրենց մասին:
«Սա լավ ընտրություններ կազմակերպելու կարևոր գործոն է հատկապես ծրագրային տեսանկյունից, իսկ քաղաքական մշակույթի առումով շիտակ և մեզ համար ընդունելի քայլ է» – ասել է Սահակյանը:
Գալուստ Սահակյանը հավաստիացրել է, որ կոալիցիոն քաղաքական ուժերն ամեն ինչ անում են երկրի կայունության համար, ինչն էլ, իր հերթին, քաղաքական ու տնտեսական զարգացումների կարևոր գործոն է: