Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին` Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆին, երկուշաբթի առավոտյան հեռուստատեսային ելույթով դիմել է Լիբիայի ժողովրդին` խոստանալով երկրում բարեփոխումներ իրականացնել: Քադաֆի-կրտսերի ելույթը պատասխան է եղել վերջին օրերին Լիբիայում ընթացող հակակառավարական ցույցերին, որոնք երկրի արևելյան հատվածից տեղափոխվել են մայրաքաղաք Տրիպոլի:
Քադաֆին խոսել է «այն մարդկանց մասին, ովքեր կանգնած են բռնության հետևում»` չնշելով, սակայն, կոնկրետ ուժեր: Քադաֆիի խոսքով` իր հոր իշխանության դեմ ընթացող բողոքները երկիրը կգցեն քաղաքացիական պատերազմի ավերիչ թոհուբոհի մեջ, և Լիբիան կբաժանվի մի քանի փոքր նահանգների:
Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆին նշել է, որ իր հայրը երկրում է և չի պատրաստվում լքել այն, քանի որ «բանակը կանգնած է նրա թիկունքում»:
«Մենք կկռվենք մինչև վերջին րոպեն, մինչև վերջին փամփուշտը», – ասել է Քադաֆի-կրտսերը, ով երկրում ոչ մի պաշտոնական դիրք չի զբաղեցնում:
Նրա խոսքով` իր հայրը «առաջնորդում է կռիվը», չնայած մի շարք զորամասեր գրավվել են ցուցարարների կողմից:
«Մենք Թունիսը և Եգիպտոսը չենք», – ասել է Քադաֆի-կրտսերը:
Լիբիայի առաջնորդի որդին նաև պնդել է, որ զոհերի իրական թիվը ավելի քիչ է, քան դա ներկայացվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Ըստ Քադաֆի-կրտսերի` Տրիպոլիում զոհվել է 14 մարդ, իսկ Բենգազիում` 84: Նրա խոսքով`զոհերի մեծ մասը նրա պատճառն էր, որ բանակը ցուցարարներին դիմակայելու փորձ չուներ:
Նշենք, որ համաձայն Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը, զոհերի թիվը հասել է 174-ի:
Քադաֆի-կրտսերը նաև խոստացել է, որ երկրի իշխանությունները կբարձրացնեն աշխատավարձները, կփոփոխեն որոշ օրենքներ և կաշխատեն սահմանադրական բարեփոխումների վրա:
Ի պատասխան Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի ելույթին` լիբիացի այլախոհ Նայլա Աբդուրահմանը նշել է, որ իշխող ընտանիքի անդամները պարզապես «շանտաժի են դիմում` փորձելով խաղալ մարդկանց վախերի վրա»:
«Ես չեն կարծում, որ ինչ-որ մեկը, ով ճանաչում է Քադաֆիի ռեժիմը, հավատում է նրանց խոսքերին», – ասել է Աբդուրահմանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մեկնարկած հակակառավարական ցույցերի արդյունքում Լիբիայի արևելյան հատվածը դուրս է եկել կառավարական զորքերի վերահսկողությունից: Փորձելով կասեցնել ժողովրդի առաջընթացը, զինվորները կրակում են անզեն մարդկանց վրա: Ցուցարարները ցանկանում են գահընկեց անել Մուամար Քադաֆիին,ով երկիրը ղեկավարում է 1969 թվականից: