Ռուսաստանի բնակչության մեծ մասը չի սատարի ՌԴ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը 2012 թվականի նախագահական ընտրություններին, եթե վերջինս որոշի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնի համար, «Коммерсантъ-Власть» ամսագրի հետ զրույցում հայտարարել է Միխայիլ Խոդորկովսկին:
Խոդորկովսկին պարզաբանել է իր կարծիքը, համաձայն որի, Պուտինի մասնակցությունը նախագահական ընտրություններին ցուցադրական քայլ կլինի դեպի անցյալ: «Եթե Պուտինը որոշի մասնակցել ընտրություններին, դա կնշանակի, որ լիազորությունների խաղաղ փոխանցման փորձը չի հաջողվել: Գործնականորեն հնարավոր չի լինի այն խաղաղ ռեժիմով կրկնել»,-հայտարարել է նախկին գործարարը:
Խոդորկովսկին նաև նշել է, որ «երբեմն անգամ համակրանքով է» վերաբերվում գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Նրա կարծիքով` Մեդվեդևը Ռուսաստանի համար նորմալ զարգացման ուղի բռնելու հնարավորություն է:
Խոսելով երկրի ապագայի մասին` Խոդորկովսկին նշել է, որ այն երկիրը, որը լավ ապագայի հույս չունի, կարող է վերակենդանանալ միայն հեղափոխության դեպքում: Միաժամանակ, «ЮКОС» ընկերության նախկին ղեկավարը հայտարարել է, որ էվոլյուցիոն զարգացման կողմնակից է: