Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը: Այսօր այս մասին աշխատանքային խորհրդակցության ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
«Պահանջը խիստ է և հստակ. կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել: Անհրաժեշտ է գույքագրում կատարել հասկանալու համար, թե քանի կառուցապատող է խախտել սահմանված ժամկետները: Այս կերպ հնարավոր կլինի արդյունավետ կառավարել այս դաշտը: Կառուցապատողներից պետք է պահանջել շինարարական նորմերի պահպանում, որպեսզի Երևանի ու երևանցիների համար անհարմարություններ չստեղծեն»,- ասել է քաղաքապետը:
Նա նաև խոսել է սպասարկման օբյեկտների և ստորգետնյա անցումներում առևտրային գործունեություն իրականացնողների մասին:
Կարապետյանի խոսքով` տնտեսվարողները պարտավոր են պահպանել պայմանագրային պարտավորությունները, բարեկարգել, մաքրել ու կանաչապատել վարձակալած տարածքների հարակից հատվածները:
Մայրաքաղաքի սանմաքրման արդյունավետ կազմակերպման առումով քաղաքապետը հանձնարարել է իրատեսական վերլուծություն ներկայացնել գանձվող վարձավճարների պատկերը հստակեցնելու համար: Քաղաքապետն ընդգծել է, որ հավաքագրման և գումարների ճիշտ տեղաբաշխման արդյունքում էականորեն կարելի է փոխել աղբահանության կազմակերպման վիճակը: