«Դրանք մարդ չեն… Ինչ անես: Թողես գնա՞ս: Ոչ գործ կա, ոչ էլ: Ես միշտ դրսից եմ կարտոշկա առել ու կառնեմ էլ»: Իրար ընդհատելով` նման պատասխան են տվել Աբո ձյա և Արթուր ներկայացած երկու միջին տարիքի տղամարդիկ, որոնք մեր թղթակցին փոքր ինչ գինովցած թվացին:
Մոտ մեկ ամիս շարունակ Երևանի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են կազմակերպվում բացօթյա առևտուր իրականացնելու արգելքի դեմ: Ակցիաների ընթացքում առևտրականները նշում են, որ իրենց համարժեք պայմաններ չեն առաջարկվում, և կարծիք հայտնում, որ արգելքի պատճառը երևանյան խոշոր սուպերմարկետներին հավելյալ հաճախորդներով ապահովելն է:
Ինչ կարծիքի են երևանցիներն այս արգելքի մասին և որտեղ են նրանք նախընտրում առևտուր անել, Epress.am-ի հետ զրույցում պարզաբանեցին մեր համաքաղաքացիներից մի քանիսը:
Հարցվածների հիմնական մասը 50-ից 65 տարեկան էին, զրույցում նրանք նշել են, որ գրեթե ամեն օր կանաչի, բանջարեղեն և մթերք են գնում մայրաքաղաքի փողոցներում առևտուր իրականացնողներից: Նրանք նաև ասել են, որ իրենց մտահոգում է մարդկանց աշխատանքից զրկվելու փաստը:
Տիկին Արուսյակի համար արգելքից հետո «ոչ մի բան էլ չի փոխվել», նա գնումները խանութում է կատարում: «Դե, որ մարդիկ աշխատանքից զրկվում են, վատ ա: Բայց երևի դա էլ ա պետք»: Հարցին, թե ում է դա պետք, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել, ժպտաց, թոթվեց ուսերը և հեռացավ:
Շուշանը ևս նախընտրում է խանութները` զգալով, սակայն, գնային տարբերությունը: Խոստովանելով, որ հաճախ է փողոցում միրգ կամ կանաչի գնում, նա ասաց, որ դա «ղեկավարությունը, կառավարությունը պետք է որոշի».
«Իհարկե, գնային տարբերություն կա: Եթե, ասենք, իրենց մի քիչ հարմար գնով տեղավորեն ինչ-որ մի տեղ, իհարկե, կողմ եմ, որովհետև փողոցները մաքուր են»: Թեև Շուշանը հասկանում է մարդկանց վրդովմունքն ու բազմաթիվ բողոքի ակցիաների մասնակիցներին, վերոնշյալ որոշումը նրա համար ընդունելի է:
30 տարեկան Արմենը նշել է, որ փողոցում հաճախ բանջարեղեն և միրգ գնելը բոլոր առումներով հարմար է, իսկ որոշ խոշոր սուպերմարկետներում սանիտարական պայմանները նույնիսկ ավելի վատ են, քան բացօթյա վաճառքի դեպքում:
«Եթե չեն ապահովում պայմաններ որոշ տեսակի սննդամթերք գնելու համար, չի կարելի արգելել փողոցային առևտուրը, ու էդքան մարդկանց առանց աշխատանքի թողնել: Միրգը սուպերմարկետից հնարավոր չէ առնել, որովհետև թանկ ա ու թարմ չի», – ասել է նա:
52 տարեկան Մարինեն առանձնակի տարբերություն չի տեսնում: Նա խոստավանել է, որ երբեմն փողոցից առևտուր անում է` հիմնականում բանջարեղեն, սակայն կշարունակի գնումները շուկաների ներսից կամ սուպերմարկետներից:
«Մարդիկ, իհարկե, մեղք են, բայց մի տեղ կտեղավորվեն երևի, թեև գիտեմ, որ շարունակում են բողոքել», – ասել է նա: