Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունների տակից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` դրա պատճառներն ու առիթները շատ են, և անհրաժեշտ է վայրկյան առաջ դա անել, որովհետև Թուրքիան անընդհատ հայտարարում է, որ միևնույնն է` ինքն այդ Արձանագրությունները չի վավերցանելու մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի:
«Անցած տարի ապրիլի 22-ին, երբ նախագահը կասեցրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը, իր հայտարարության մեջ ասաց, որ առայժմ հետ չեն վերցնում սոտրագրությունը: Այդ առայժմը պարզ է, որ ինչ-որ ժամկետ պիտի ունենա, կարծում եմ` այդ ժամկետը մոտեցել է, առնվազն նախագահի մտքի մեջ: Դա զուտ ենթադրություն է, բայց, հաշվի առնելով այն բոլոր հայտարարությունները, որ նախագահը վերջին շաբաթներին, ամիսներին կատարեց` հատկապես Կիպրոսում, պիտի եզրակացնել, որ, կարծեք, նախագահի մտքում այդ առայժմի ժամկետն էլ ավարտվել է կամ ավարտվում է, կամ շուտով կավարտվի»,- ասել է Կիրո Մանոյանը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան փորձում է այնպես անել, որ Հայաստանի վրա ճնշումը շարունակվի, որ հանկարծ Հայաստանը ստորագրությունը հետ չվերցնի: