ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը նշել է, որ, լինելով Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի հայկական ծագումով միակ ասպետը, իր համար մեծ պատիվ է համարում ստանձնել դեսպանի պաշտոնն ու Հայաստանում շարունակել և զարգացնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի ծրագրերը:
«Ուրախալի է և ուշագրավ, որ նման բարձր պաշտոնի է նշանակվում հայազգի ներկայացուցիչը: Վստահ եմ, որ Ձեր հայկական ծագումն է´լ ավելի կդյուրացնի Ձեր գործունեությունը Հայաստանում: Վստահ եմ նաև, որ Ձեր ակտիվ գործունեությամբ Դուք մեծապես կնպաստեք Մալթայի Ինքնիշխան Ուխտի մասին հասարակության իրազեկվածության բարձրացմանը»,- ասել է Նախագահ Սարգսյանը`բարձր գնահատելով Ուխտի բարեգործական առաքելությունը: