Արդեն երկու օր է չի հաջողվում կապ հաստատել Սահարա անապատ մեկնած 7 ռուսաստանցի ֆոտոլրագրողների հետ, հաղոդում է Эxо Москвы ռադիոկայանը: Նշենք, որ Սահարայի մեծ հատված գտնվում է Լիբիայում, որտեղ մի քանի օր է շարունակվում են կատաղի մարտերը երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի և հակակառավարական ուժերի միջև:
Ֆոտոլրագրողները պետք է Մոսկվա ժամանեին դեռևս նախօրեին: Նրանցից ոչ ոք ռուսական դեսպանատուն չի դիմել: Միաժամանակ նրանց անունները չկան այն մարդկանց ցուցակներում, ում Ռուսաստանը պատրաստվում է տարհանել Լիբիայից:
Համաձայն Լիբիայից եկող տեղեկատվության, ռուսների ավելի մեծ, 150 հոգուց բաղկացած խումբը ծանր իրավիճակում է հայտնվել: Նրանք երկաթուղի էին կառուցում Բենղազիից ոչ հեռու գտնվող տարածաշրջանում: Այժմ նրանց կյանքը վտանգի տակ է հայտնվել:
Նշենք, որ Լիբիայի իշխանությունները թույլատրել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռին վայրէջք կատարել իրենց երկրում: Պաշտոնական տվյալների համաձայն, Լիբիայից պետք է տարհանվեն ավելի քան 560 ռուսաստանցիներ: