Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունը ստացել է թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի 5 ծրարով նամակները: «Հայկական ժամանակը» հնարավորություն է ստացել տպագրել Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որը գրվել է փետրվարի 18-ին և կոչվում է «Երկու ուրախալի նորություն»: Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հայաստանի` ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները պետք է իրար շնորհավորեին կոալիցիոն նոր հայտարարություն-հուշագիր ստորագրման կապակցությամբ, որովհետև այն երկու նորություն է պարունակում ներքաղաքական կյանքի համար, երկուսն էլ` լավ: Առաջին նորությունն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ թե դարձավ, այլ բացահայտեց Արթուրիկի իր էությունը, երկրորդ լավ նորությունն այն է, որ դա արեց ոչ թե ընտրությունների հետո, այլ դրանից առաջ: Համաձայնեք` ընտրություններից առաջ բացահայտված Արթուրիկը ոչ մի վտանգ չի ներկայացնում հանրության համար, այլ ընդհակառակը` օգնում է թացը չորից տարբերակել: Եթե 2008թ. նախագահական ընտրություններից առաջ և ոչ թե հետո հանրությունը գլխի ընկներ, որ Արթուրիկը բառիս բուն իմաստով Արթուրիկ է, հիմա երկրում բոլորովոին այլ քաղաքական իրավիճակ կլիներ և բոլորովին այլ իշխանություն: Այսպիսով` կոալիցիոն նոր հուշագիր-հայտարարության առաջին դրական արդյունքն այն է, որ սերժանտական իշխանությանը չհաջողվեց կրկին ու կրկին լղոզել քաղաքական դաշտը, մանավանդ որ մյուս տարբերակներն էլ չաշխատեցին. նկատի ունեմ ինքնակարմրաքարտավորներին:
Բայց կարևոր է նաև, որ նոր կոալիցիոն փաստաթղթով ներիշխանական պարանոյան չհաղթահարվեց. միևնույն է` քոչարյանական և սարգսյանական թևերը փոխադարձաբար գիտեին, որ հարմար պահի պատրաստ են հոշոտել միմյանց: Իսկ ո՞վ է ասել, որ 2012 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն դուրս չի գալու կոլաիցիայից: Քոչարյանական պլանը ի սկզբանե պարզ է. նա ուզում է 2012 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ համամասնական ցուցակ ներկայացնել Գագիկ Ծառուկյան, Ռալֆ Յիրիկյան (վերջինս ՀՀ քաղաքացիություն ունի՞), Սիրուշո եռյակի առաջնորդությամբ, մի միլիարդի չափ փող դնել ընտրությունների վրա, սրան կգումարվի նաև վերը նշված եռյակի մշտնջենական ինքնագովազդը, և ահա ՀՀԿ-ն կմնա բորդյուրին: Սերժ Սարգսյանն էլ մտածում էր, որ եթե իրեն չհաջողվի այս պլանը կասեցնել և 2013-ի համար երաշխիքներ ստանալ, ուրեմն հիմա` անսպասելիորեն պետք է լուծարել խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել` խորհրդարանական, քանի որ ժամանակն աշխատում է իր դեմ:
Իրականում, սակայն, նա բլեֆ էր անում և խորհրդարանը չէր լուծարի, որովհետև ցանկացած ընտրություն անկանխատեսելի է Հայաստանում: Բայց կոալիցիոն նոր փաստաթղթով արդյոք նա երաշխիքներ ստացա՞վ նախագահական հաջորդ ընտրությունների համար: Իհարկե ոչ: Հուշագրի տեքստից ակնհայտ է դառնում, որ Քոչարյանի ԲՀԿ-ն լսել անգամ չի ուզում Սերժ Սարգսյանի անունը, փոխարենը օգտագործում է «գործող նախագահ» արտահայտությունը: Իսկ հաջորդ նախագահական ընտրությունների շեմին «գործող նախագահ» կարող է լինել Հովիկ Աբրահամյանը. հիշեցնենք` ՀՀ Սահմանադրությամբ նախագահի հրաժարականի կամ` սատանի ականջը խուլ, մահվան դեպքում նախագահական լիազորությունները անցնում են ԱԺ նախագահին, իսկ եթե հնարավոր չէ` վարչապետին: Հենց այս կարգավիճակն է փափագում Ռոբերտ Քոչարյանը:
Հ.Գ. Այս ամենի համատեքստում կրկին պսպղաց ԱԺ փոխնախագահի` խոզի մռութի և խոճկորի ծնոտի մեծ մասնագետ Սամվել Նիկոյանի գլուխը: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ինչու ԲՀԿ-ն իր համագումարի ժամանակ չհայտարարեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին, Նիկոյանը հայտարարեց. «Համագումարը այն տեղը չէ, որտեղ հայտարարություններ են անում»: Դե իհարկե, ինչպես կարելի է նման կարևոր հայտարարություններ անել համագումարներում: Քաղաքական հայտարարությունների համար ավելի հարմար տեղեր կան. սաունաներն, օրինակ, վետերոկները և բոզանոցները, բոզանոցները` գրողը տանի»:
Լուսանկարը` hzh.am