Արաբական աշխարհում սկսված հակակառավարական ընդվզումների լույսի ներքո հետաքրքիր որոշումներ է կայացրել Քուվեյթի իշխանությունը: Քուվեյթի էմիրը որոշել է առատորեն վարձատրել իր ժողովրդին խաղաղության պահպանման համար: Ինչպես հաղորդում է Slon.ru-ն, Քուվեյթում աշխատող 360 հազար քաղաքացիների մոտ 80 տոկոսը ծառայում են պետական կառույցներում` ստանալով մոտ 4-5 հազար ամերիկյան դոլարի չափով գումար: Սակայն որոշվել է բարձրացնել անգամ այս առատ աշխատավարձերը:
Բոլոր զինվորականների, ոստիկանների և հրշեջ ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը ավելացվելու է 70-115 տոկոսով: Այս որոշումը Քուվեյթի բյուջեին տարեկան 700 մլն դոլար կարժենա: Որոշումն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից: Ապագայում 100 տոկոսով բարձրացվելու է մնացած բոլոր պետական կառույցների աշխատակիցների աշխատավարձերը, ինչը տարեկան մոտ 3,5 մլրդ դոլար կարժենա: Տնտեսական հարցերով փոխնախագահը առաջարկել է Քուվեյթի քաղաքացիներին ազատել կոմունալ վճարումներից, ինչպես օրինակ ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և հեռախոսակապի համար տրվող վարձավճարներից:
Kuwait Petroleum Corporation պետական նավթային ընկերությունը նույնպես բարձրացրել է իր աշխատակիցների աշխատավարձերը: Խորհրդարանը երկու անգամ բարձրացրել է չամուսնացած ուսանողներին տրվող նպաստի չափը` այն հասցնելով մոտ 700 դոլարի, իսկ ամուսնացածներինը` 1200-ի: Քուվեյթի իշխանությունները որոշել են բարձրացնել նաև թոշակների չափը` հասցնելով այն ամսեկան մոտ 700 դոլարի:
Էմիր աս-Սաբահի կառավարման 5-րդ հոբելյանի կապակցությամբ նա իր ժողովրդին, այսպես կոչված, «էմիրի գրանտ» է նվիրաբերել: Այս գրանտը հնարավորություն է տալիս միանվագ 1000 քուվեյթական դինար (3500 ամերիկյան դոլար), ինչպես նաև 14 ամիսների ընթացքում անվճար սնունդ ստանալ: Այս որոշումը տարածվում է Քուվեյթի բացառապես բոլոր քաղաքացիների վրա:
1000 դինար պետք է ստանան 1 մլն 150 հազար քուվեյթցիներ, որը, իր հերթին, պետական բյուջեին 4 մլրդ դոլար կարժենա: Անվճար սնունդն արդեն սկսել են մատակարարել երկրի 69 վարչական շրջաններում: Բարեգործական ճաշարանների աշխատանքը 14 ամսվա ընթացքում պետությանը կարժենան մոտ 1 մլրդ դոլար: