Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2010 թվականին բանակում տեղի ունեցած մահացությունների վիճակագրությունը: Հասարակական կազմակերպության հաղորդմամբ, անցած տարվա ընթացքում բանակում մահվան 42 դեպք է տեղի ունեցել` որոնցից միայն 10-ի վերաբերյալ է պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություններ տարածել:
Փետրվարի 22-ին Երևանում «Մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ներկայացնելով իրենց զեկույցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարել է, որ դեպքերի մեծամասնությունը կանոնադրական հարաբերությունների խախտման հետևանք են:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը, քննարկմանը մասնակցող հասարակական սեկտորի ներկայացուցիչները պնդում էին, որ բանակում սպայական կազմին հովանավորում են, զերծ են պահում պատասխանատվությունից, բանակում կա անպատժելիության մթնոլորտ:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Լեւոն Այվազյանը արձագանքեց, թե չի կարծում, որ բանակում տիրում է անպատժելիության մթնոլորտ: Նա նաեւ պնդեց, որ իրենց կառույցը այսօր քաջ գիտակցում է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, ասաց` դա վստահությունն ամրապնդելու միջոց է:
Զինվորական ծառայության ընթացքում մահացած ժամկետային զինծառայող Սերգեյ Մանուկյանի ընտանիքի փաստաբան Տիգրան Մուրադյանը երիտասարդի մահվան կոնկրետ դեպքի մասին է խոսել:
«Սպաները այնքան են հալածել, նվաստացրել և ծեծի ենթարկել այդ զինվորին, որ նա ինքնասպանության է դիմել: Զինվորը մահացել է, սակայն սպաներից մեկը մինչ օրս ազատության մեջ է», – ասաց փաստաբանը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը արձագանքել է. «Նման դեպք չի եղել, երբ որ մեղավոր անձինք պատասխանատվության չենթարկվեն: Թե ինչ ուղղությամբ է գնացել քննությունը, ինչ հանգամանքներ են ի հայտ եկել, ես չեմ ուզում այսօր այստեղ քննարկել, քանի որ ծառայության էթիկան ինձ դա թույլ չի տալիս»:
Արձագանքելով հնչեցված տեսակետներին` «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը իր խոսքում, մասնավորապես, ասել է. «42 զոհ, 18-20 տարեկան: Ես գտնում եմ, որ կա ընդամենը մեկ հարց` դա մարդկային կյանքն է: Մնացած ցանկացած բացատրություն, հասկացություններ, կոչեր կառուցողական աշխատանքի` դրանք կարող են լինել ածանցյալ, հնարավոր միջոցներ»: