Անվանի դերասան Կարեն Ջանիբեկյանին պատկանող մեքենան այսօր վաղ առավոտյան բախվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պատին:
Nissan Pathfinder մակնիշի 20 ՏՏ 565 համարանիշի մեքենայի ղեկին, սակայն, անվանի դերասանը չի եղել, այլ ավտոլվացման կետի աշխատակիցը` 21-ամյա Արթուր Ազատյանը, հայտնում է news.am-ը, ում հետ զրույցում Կարեն Ջանիբեկյանն ասել է, որ նախօրեին մեքենան տարել է ոմն Խաժակի պատկանող ավտոլվացման կետ:
«Ժամը 6-ին պետք է գնայի, վերցնեի, սակայն ճնշումս բարձր էր և քնել եմ: Առավոտյան 5-ին ինձ հայտնեցին, որ մեքենան վթարված է: Ավտոլվացման կետի տղան քշել էր այն և ջարդուփշուր արել»,- ասել է նա:
Ջանիբեկյանը տեղեկացրել է, որ գործն անպայման դատարան է գնալու, քանի որ նախևառաջ սա «ավտոմեքենայի առևանգում» է: «Չի կարելի ուրիշի մեքենան վարել: Գիշերվա կեսին ֆռֆռացել է եւ խփել: Հիմա սպասում ենք, որ էվակուատորը գա եւ մեքենան տանեն»,- նշել է դերասանը:
Արթուր Ազատյանը գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում:
Լուսանկարը` news.am-ի