Իսրայելական բանտերում առկա խտրականության պատճառով ռուսալեզու բանտարկյալները վաղաժամկետ ազատ արձակման իրավունք չեն ստանում:
Նախօրեին Իսրայելի փաստաբանների Պալատի նախագահությունը միացել է Փաստաբան Ալեքսանդր Ղամբարյանի` իսրայելական կալանավայրերի ղեկավարության դեմ հայցին, որի պահանջը կայանում է ռուսալեզու բանտարկյալների նկատմամբ խտրականության վերացման մեջ:
Ղամբարյանը Իսրայելի բանտերում օրինականության վերահսկման հանձնաժողովի անդամ է:
Իսրայելական բանտերի կալանավորները իրավունք ունեն վաղաժամկետ ազատվել, եթե բանտում անցկացրել են իրենց համար սահմանված ժամկետի երկու երրորդը: Մնացյալ ժամանակահատվածը նրանք կարող են անցկացնել կալանավայրի պատերից դուրս:
Սակայն վաղաժամ ազատվելու համար մի պայման ևս պետք է պահպանվի, բանտարկյալը պետք է հատուկ հեգոթերապևտիկ կուրս անցնի: Հենց այս փուլում սկսվում է ռուսալեզու բանտարկյալների նկատմամբ խտրականության դրսևորումը:
Այս բոլոր կուրսերն անցնում են խմբակային թերապիայի մեթոդներով, և բնականաբար եբրայերենով: Արդյունքում ռուս կալանավորները, ովքեր որպես կանոն չեն տիրապետում եբրայերենին, չեն ստանում հոգեթերապևտիկ կուրսեր և արդյունքում չեն կարողանում վաղաժամ լքել կալանավայրը:
Գործնականում մարդիկ չեն ստանում իրենց և այն հասարակության համար, ուր նրանք վերադառնալու են, անհրաժեշտ բուժումը: Վաղաժամկետ ազատումից զրկված ռուսները փաստորեն ընդհանուր առմամբ 1000 տարի ավել են անցկացնում բանտում քան իսրայելցիները:
Ալեքսանդր Ղամբարյանի հայցը արդեն մեկուկես տարի է, ինչ քննարկման է դրված: Բանտերի ղեկավարությունը ընդունում է խտրականության փաստը, սակայն նշում է, որ իշխանությունները հնարավորություն չունեն երկրի բյուջեից գումարներ տրամադրել ռուսերենով թերապիա կազմակերպելու համար: