Այն, ինչ կատարվում է այս օրերին Լիբիայում, այլ կերպ, քան սեփական ժողովրդի վայրագ կոտորած որակել հնարավոր չէ։ Այս մասին ասված է «Առցանց ազատականների ալյանս» (3Ա) խմբի Facebook սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ:
«Լիբիացիների խիզախ ու անձնուրաց պայքարը հանուն ազատության և արդարության, հիացմունքի և հարգանքի է արժանանում Հայաստանում։ Մենք կիսում ենք լիբիացի արաբ ժողովրդի ցասումն ու ընդվզումը, քանզի մեզ քաջ ծանոթ է հանուն իր սին իշխանության ժողովրդի արյունը հեղելու և սեփական երկիրը կործանելու խղճուկ և ողորմելի բռնակալների պատրաստակամությունը: Համոզված ենք, որ թե՛ Հայաստանում 2008 թ.-ի մարտի 1-ին կատարված ոճրագործությունը, և թե՛ Կադդաֆիի բռնապետության կողմից Լիբիայում այսօր սանձազերծված սպանդը անպատիժ չեն մնալու», – ասված է հայտարարության մեջ:
3Ա-ն նշում է, որ քաղաքակիրթ մարդկությունը պարտավոր է բողոքի հուժկու ձայն բարձրացնել բռնապետությունների դեմ ու սեփական կառավարություններից ու միջազգային կազմակերպություններից պահանջել համակողմանիորեն սատարել ժողովուրդների` հանուն ազատության պայքարին, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել սեփական ժողովրդի արդար դատի առջև կանգնելու հեռանկարից անասնական վախով տոգորված բռնապետերի արյունալի գործողությունները կասեցնելու համար:
3Ա-ն նաև շուտափույթ հաղթանակ և ազատություն է մաղթում Լիբիայի ժողովրդին: