Home / Հայաստան / «Մարիաննայից» գների բարձրացման վերաբերյալ բացատրություններ կպահանջեն

«Մարիաննայից» գների բարձրացման վերաբերյալ բացատրություններ կպահանջեն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր քննարկել է կաթնամթերքի շուկայում առկա զարգացումները:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, կաթնամթերքի շուկայում գործող գերիշխող դիրք ունեցող ընկերություններից իր արտադրանքի գները բարձրացրել է, մասնավորապես, «Մարիաննա» ընկերությունը: Այսպես, օրինակ, կես կիլոգրամանոց թթվասերը, որը մինչ այդ խանութներին առաքվել է 360 դրամով, նոր գներով կառաքվի 400 դրամով:

Հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց ուսումնասիրություն սկսել «Դուստր Մարիաննա» ընկերության գործունեության նկատմամբ` տնտեսվարողից պահանջելով ներկայացնել բացատրություններ և հիմնավորումներ գների բարձրացման վերաբերյալ:

Հիշեցնենք նաև, որ երեկ շուկայի առաջատարներից «Աշտարակ կաթ» ընկերությունից Epress.am-ին հայտնել էին, որ իրենք արտադրատեսականու համար առայժմ որևէ գնային փոփոխություն չեն իրականացրել: Միևնույն ժամանակ, ընկերությունը նշել է, որ, հաշվի առնելով հումքի շուկայում արձանագրված զգալի գնաճը, «Աշտարակ կաթ» ընկերությունում կատարվում են մանրակրկիտ հաշվարկներ, որից հետո չի բացառվում որոշ ապրանքների գնային փոփոխություն:


Լուսանկարը` azatutyun.am-ի