Հայ մարդը դեմ է, որ «մեր երկիրը դարձնեն կազինոների և հասարակաց տների երկիր, դեմ է, որ աշխատանք չլինելու պատճառով հայը կամ լքի հայրենիքը և դառնա գաղթական, կամ՝ սպասավոր և ծառա սեփական երկրում»։ Այս մասին ասված է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի տարածած հայտատարության մեջ, որում շարժումը կոչ է անում բոլորին մասնակցել ընդդիմության կողմից մարտի մեկին կազմակերպվելիք միջոցառումներին:
«2008 թվականի մարտի 1–ին Հայաստանի Հանրապետության Ազատ քաղաքացիները Ազատության հրապարակում ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից բռնության ենթարկվելով չընկրկեցին, այլ համախմբված կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացրին ի լուր աշխարհի։
Հայ ժողովրդից տարիների ընթացքում թալանածը պահպանելու և այն ավելացնելու անհագ մոլուցքը կուրացրել է իշխող վարչախմբի պարագլուխներին և նրանց կամակատարներին։
Հարստություն, իշխանություն, վայելքներ. սա է վարչախմբի բարոյականությունը և կյանքի նպատակը։ Այս արժեհամակարգն է, որ զանգվածային լրատվամիջոցներով շուրջօրյա քարոզում են մարդկանց…
Եվ, վերջապես, մարտի 1–ին Հայաստանի քաղաքացին ընդվզեց սեփական արժանապատվությունը ոտնահարող, ընտրությունները կեղծող, ժողովրդին կեղեքող իշխող վարչախմբի դեմ։
Կոչ ենք անում մեր համախոհներին և մեր հայրենակիցներին. 2011 թվականի մարտի 1–ին բոլորս համախմբված և միակամ մասնակցենք բոլոր այն միջոցառումներին, որոնք պետք է տեղի ունենան մեր հայրենիքում ի հարգանք մարտի 1–ի զոհերի հիշատակի»,- ասված է հայտարարության մեջ։