Իտալացի հանրահայտ գրող Ումբերտո Էկոյի հայտարարությունները, որոնցում վերջինս երկրի վարչապետ Սիլվիո Բելուսկոնիին համեմատել է Հիտլերի հետ, սկանդալ են առաջացրել:
Չորեքշաբթի Երուսաղեմում տեղի ունեցած գրքի միջազգային տոնավաճառի ընթացքում Էկոն մեկնաբանել է Հյուսիսային Աֆրիկայի երկրներում տեղի ունեցող ընդվզումները: Պատասխանելով հարցին` կարելի է արդյոք համեմատել Բերլուսկոնիին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և Եգիպտոսի` պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի հետ, գրողը նշել է, որ ավելի տեղին է համամետականներ անցկացնել Բերլուսկոնիի և Հիտլերի միջև:
«Ինտելեկտուալ տեսանկյունից, զուգահեռներ կարելի էր անցկացնել Հիտլերի հետ: Նա նույնպես իշխանության է եկել ազատ ընտրությունների արդյունքում»,- ասել է Էկոն: «Բերլուսկոնին բռնապետ չէ, ինչպես Քադաֆին և Մուբարաքը, որովհետև նա իշխանության է եկել իտալացիների մեծամասնության աջակցության շնորհիվ: Իտալիայում նման ռեժիմ գոյություն չունի, և չպետք է մոռանալ, որ ընտրազանգվածը պատրաստ է սատարել Բերլուսկոնիին: Դա բավական ցավալի է, բայց փաստ է»,- նկատել է գրողը:
Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդին, ով միաժամանակ Բերլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության համակարգողն է, Էկոյի հայտարարությունը որակել է որպես «հիվանդագին ֆանատիզմ»:
«Մտահոգում է այն հանգամանքը, որ այնպիսի մարդ, ինչպիսին է Ումբերտո Էկոն, ցանկացել է նման համեմատություններ անցկացնել: Նրա հայտարարությունը վիրավորում է միլիոնավոր իտալացիների զգացմունքները: Ի դեպ, նա որոշել է դա անել հենց Երուսաղեմում»,- ընդգծել է նախարարը:
Նմանատիպ քննադատական հայտարարություններով են հանդես եկել նաև Բերլուսկոնիի մի շարք համախոհներ, ովքեր նշել են, որ միլիոնավոր իտալացիներ Իտալիայի առաջնորդի անվան հետ են կապում ազատության արժեքների և ժողովրդավարության պահպանումը: