Home / Հայաստան / ՀՀՇ ղեկավարը համախոհներ է տեսնում նաև ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներսում

ՀՀՇ ղեկավարը համախոհներ է տեսնում նաև ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներսում

Մենք մտնում ենք նոր փուլ` որակապես տարբեր, դրա բնորոշիչները, բնութագրիչները մի քանիսն են, որոնք համընկել են ժամանակային առումով` ներքին սոցիալական լարվածության աճ, ներիշխանական զարգացումների փաստը և արտաքին տաք քամիների գոյությունը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նա նաև անդրադարձավ մարտի մեկի իրադարձությունների երրորդ տարելիցին. «Մենք նշելու ենք այդ օրը որպես ըմբոստացման դրսևորում, ոչ որպես լացի: Մենք մեր կամքը կարտահայտենք` մերժելու մարտի մեկի երևույթն ընդհանրապես, որովհետև դա լրջագույն հարված էր մեր ժողովրդավարությանը, մեր պետականությանը մեր ընթացքին»:

Ակտիվացում խոստանալով մամուլում, հասարակական և քաղաքական կյանքում` Արամ Մանուկյանը նշել է, որ նրանք կփորձեն որքան հնարավոր է մոբիլիզացնել ժողովրդին և իրենց մեսիջներն ուղարկել միջազգային կառույցներին, ինչպես նաև համախմբել Հայաստանում մասայական ընդդիմությանը.

«Նկատի ունեմ հատկապես ընդդիմության այն մասը, որին ես հաճախ անվանում եմ խոհանոցային ընդդիմություն: Մենք կփորձենք խոհանոցային ընդդիմությանը բերել հրապարակ, կանգնեցնել մեր կողքին` փորձելով համոզել, որ համատեղ պայքարը ավելի արդյունավետ է, մասայական պայքարը ավելի հեշտ է բերում հաղթանակների»:

Արամ Մանուկյանը նաև նշել է, թե ում է անվանում «խոհանոցային ընդդիմություն»: Դրանք, համաձայն բանախոսի, բոլոր նրանք են, ովքեր իսկապես դժգոհ են երկրում ընթացող գործընթացներից, իսկապես իշխանափոխությունը դիտարկում են որպես անհրաժեշտ միջոց, բայց ավելի պասիվ են:

«Դրանք հասարակության լայն շերտեր են, որոնք իսկապես զգում են փոփոխության անհրաժեշտությունը, բայց պասիվ են: Նրանք կամ սպասում են ուրիշի հաղթանակի, կամ իրենց չեն տեսնում հաղթանակի մաս», – ասել է Մանուկյանը:

Նա նաև նկատել է, որ Հայաստանում շատ փոքր շերտեր են մնացել, որոնք գտնում են, որ ներկա իշխանությունները պետք է շարունակեն գոյությունը:

«Մեր խնդիրն է` այդ շերտերից մի մասին բերել հրապարակ, դարձնել մասնակիցը ժողովրդավարական գործընթացների և իշխանափոխության», – ասել է Մանուկյանը` հավելելով, որ դա քիչ կորուստներով կամ առանց կորստի իշխանափոխություն կատարելու լավագույն մեթոդն է:

Խոսելով այլ քաղաքական ուժերի մասին` ՀՀՇ ղեկավարը նշել է, որ չի ուզում որևէ մեկին քննադատել ՀԱԿ-ին չմիանալու համար և, ըստ նրա, անգամ միանալը կարևոր չէ:

«Եթե քաղաքական ուժը գտնում է` մեր ասածը ճշմարիտ է, առանց հայտարարելու, առանց ցուցադրվելու կարող են գալ հրապարակ, միանալ մեր միջոցառումներին և իրենց ցանկությունը կատարել: Դա ընդամենը ցանկության խնդիր է», – ասել է Մանուկյանը:

Նա նաև հայտարարել է, որ համախոհներ է տեսնում անգամ ՀՀԿ-ում և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում.

«Շատ լավ գիտեմ, որ այսօր Հանրապետական կուսակցության ներսում կան շերտեր, որոնք արդեն երբեմն բաց չեն ընդունում իրենց իշխանության գործելակերպը, որոնք համարձակորեն` ներսում առայժմ, արձանագրում են ՀՀԿ-ի ձախողումները»:

Նույնը, ըստ Մանուկյանի, տեղի է ունենում Դաշնակցության և ԲՀԿ-ի ներսում: