Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից հավաքագրված վարձկանների հատուկ գնդերը, որոնց անվանում են «սև հեծելավաշտ», ջարդ են կազմակերպել երկրի մայրաքաղաք Տրիպոլիից 50 կմ հեռավորության վրա գտնվող Զաուիյա քաղաքում: Այնտեղ Քադաֆիի դեմ ապստամբել են ամազիգների (բերբերների) ցեղախմբերը, որոնց դեմ Լիբիայի առաջնորդին սատարող ուժերն օգտագործում են ծանր հրետանի և ուղղաթիռներ:
Բախումների ընթացքում մահացել են տասնյալ քաղաքացիներ, ավերվել են մզկիթներ, տներ, դպրոցներ: Այունուամենայնիվ, ինչպես Լոնդոնից հաղորդում է լիբիացի լրագրող Ջումաա ալ-Քումատին, ժողովուրդը շարունակում է դիմադրություն ցույց տալ վարձկաններին:
Քադաֆիի հսկողության տակ շարունակում է մնալ Սիրտը` Լիբիայի նավթային մայրաքաղաքը, որը գտնվում է Տրիպոլիից 650 կմ. Հեռավորության վրա: Սակայն զինտան ցեղի շեյխերն այսօր Քադաֆիին վերջնագիր են ներկայացրել: Հավաքվելով համանուն Զինտան քաղաքում` նրանք բռնակալից պահանջել են հեռանալ: Հակառակ դեպքում բեդուինները խոստանում են 24 ժամվա ընթացքում արգելափակել նավթի արտահանումը և շարժվել դեպի մայրաքաղաք: Զինտանները կոչ են արել բոլոր մյուս ցեղերին միավորվել և ազատել երկիրը բռնապետից:
Ինքը`Քադաֆին, այսօր ելույթ է ունեցել պետական հեռուստատեսության եթերում, սակայն ելույթը հեռարձակվել է հեռախոսազրույցի տարբերակով, այնպես որ նրա գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ:
Քադաֆին հերթական անգամ հայտարարել է, որ նրա դեմ հանդես եկողները թմրանյութների ազդեցության տակ են: Նա նաև զգուշացրել է, որ եթե ընդդիմադիրները հաղթեն, ապա իշխանությունն իր ձեռքը կվերցնի Ուսամա Բեն Լադենը:
«Ինչո՞ւ եք ցանկանում երկիրը հանձնել Բեն Լադենին»,- հարցրել է երկրի ղեկավարը` վստահեցնելով, որ ինքը ամենևին էլ բռնակալ չէ և անգամ իրականում երբեք երկիրը չի ղեկավարել:
«Ես ընդամենը ցանկանում եմ հայրենասիրություն դրսևորել և հայրական խորհուրդներ տալ», – ասել է Քադաֆին` իրեն համեմատելով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հետ: