«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալ Ռոման Մնացականյանը փետրվարի 22-ից անժամկետ հացադուլ է հայտարարել, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ռոման Մնացականյանը մարտի 1-ի գործով դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման: Քաղբանտարկյալն անազատության մեջ է 2008-ի մարտի 9-ից: Նա միայն ոստիկանների ցուցմունքի հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցելը) դատապարտված քաղբանտարկյալներից մեկն է: 2009-ի հունիսի 19-ին ԱԺ ընդունած համաներում նրա նկատմամբ չի կիրառվել` պատճառաբանությամբ, թե իբր տույժեր ունի: Քաղբանտարկյալը պահանջում է իրեն հետ վերադարձնել «Էրեբունի» ՔԿՀ, որտեղից նա «Վանաձոր» ՔԿՀ է տեղափոխվել ավելի քան վեց ամիս առաջ: Նրան «Վանաձոր» ՔԿՀ են տեղափոխել` հիմք ընդունելով նրա` «Արթիկ» ՔԿՀ տեղափոխվելու վերաբերյալ դիմումը: Քաղբանտարկյալը պահանջում է իրեն հետ վերադարձնել նախկին ՔԿՀ` իր ընտանիքի անդամներին ավելի մոտ: Սակայն մի քանի օր առաջ Ռոման Մնացականյանը տեղեկացել է, որ իրեն տեղափոխելու հարցը հերթական անգամ հետաձգվել է: