«Այլևս ընտրությունները չեն լինի երբեք այնպես, ինչպես նրանք արել են, ինչ ուզում են անեն: Գլուխկոնծի էլ տան»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը մեկնաբանել է այն դիտարկումը, որ նախորդ շաբաթ կոալիցիոն ուժերի կողմից ստորագրված նոր հայտարարությունից հետո գալիք նախագահական ընտրությունները կարելի է ավարտված համարել:
Ընդդիմադիր գործչի խոսքերով` անցած երեք տարիների ընթացքում շատ բան է փոխվել. «Քաղաքացիական հասարակություն է ձևավորվել, անհանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվել, ստեղծվել է հզոր համաժողովրդական շարժում, որն օրսըտօրե հզորանում է»:
Մյուս կողմից, ըստ նրա, վարչախումբը կամաց-կամաց քայքայվում և սպառվում է:
«Այն հանգամանքը, որ նրանք ստիպված ամենանվաստացուցիչ մեթոդներով, ըստ էության, կիրառելով քաղաքական ռեկետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ, կոնսոլիդացնում են իրենց թիմը, նշանակում է, որ նրանց գործերը շատ վատ են», – ասել է ՀԱԿ համակարգողը:
Նշենք, սակայն, որ, Զուրաբյանի պնդմամբ, նա անդրադառնում է այս խնդրին միայն այն պատճառով, որ լրագրողներն են իրեն դիմում մեկնաբանության խնդրանքով, որովհետև կոալիցիոն հայտարարությունը նա համարում է երրորդական հարց:
«Այսօր երկրում լրիվ ուրիշ գործընթացներ են: Այսօր ժողովուրդը ոտքի է կանգնում բռնապետության դեմ, և մենք քննարկե՞նք ինչ-որ հուշագիր, որը ուղղակի խեղճ միջոց է սեփական շարքերն ամրապնդելու: Ի՞նչ կա այստեղ քննարկելու», – ասել է Լևոն Զուրաբյանը: