«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին «Արթիկ» ՔԿՀ-ի մենախցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի օմբուդսմենի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին (Արմեն Հարությունյանը պաշտոնապես հրաժարական տվեց փետրվարի 1-ին – Epress.am) հոդված է հեղինակել, որը տպագրվել է այսօր: Հոդվածը Ձեր ուշադրության ենք ներկայացնում ամբողջությամբ.
«Ձմեռային տրանսֆերային պատուհանը արդյունավետ ստացվեց Հայաստանի համար: Երևանի «Հայաստանի» Մարդու իրավունքների ձախ կիսապաշտպան Արմեն Հարությունյանը ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանագիր է կնքել Տաշքենդի «Պախտակորի» հետ, որի ձախ կիսապաշտպանի գործառույթներ կիրականացնի վարձավճարով:
Եթե Արմեն Հարությույանն իսկապես ֆուտբոլիստ լիներ, նրա հայտարարությունը` այլ «թիմ» տեղափոխվելու մասին, կարելի էր հասկանալ: Չնայաած ժամանակակից աշխարհում շատ երկրպագուներ իրենց ֆուտբոլիստներին չեն ներում թիմը լքելը: Իսկ Արմեն Հարությունյանը փլեյմեյքեր չէ, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված Օմբուդսմենի բարձր պաշտոնի նշանակված անձ: Մեծ հաշվով` օմբուդսմենի բարձր պաշտոնից Արմեն Հարությունյանի հրաժարականով Հայաստանի Հանրապետությունը շատ բան չի կորցնի: Բայց առայժմ գործող ՄԻՊ-ի հայտարարությունը, թե ինքը, չսպասելով պաշտոնավարության ժամկետի լրանալուն, որոշել է տեղափոխվել Կենտրոնական Ասիա` աշխատելու, հերթական անգամ վկայում է, որ այս ընթացքում մեր երկիրը Օմբուդսմեն չի էլ ունեցել: Այդ մարդը չի գիտակցել, թե ինչ պաշտոն է վարում, որն է դրա էությունն ու առաքելությունը: Մարդը խոպան էր եկել, հիմա ավելի լավ փոդրաթ են առաջարկել` թռնում է: Տեղի ունեցածի մեջ ոչ մի անակնկալ չկա, և դժվար թե գտնվի Հայաստանի որևէ քաղաքացի , որ ուրիշ բան սպասեր գործող Օմբուդսմենից: Նրա քայլը մեկնաբանելու կարիք չկա էլ, այն ինքնին խոսում է իր մասին:
Մարդու իրավունքների պրոբլեմներ ունեցող այնպիսի երկրում, ինչպիսին է Հայաստանը, Օմբուդսմենը պետք է իր գործի ռոմանտիկ նվիրյալ լինի, ճգնավորի, ֆանատիկի պես մի բան: Բայց ցավոք` ոչ միայն Արմեն Հարությունյանը չի եղել այդպիսին, այլև նրա հաջորդը չի լինի, որովհետև այդպիսի մարդուն Սերժ Սարգսյանը չի ներկայացնի որպես ՀՀ ՄԻ պաշտպանի թեկնածու: Լավագույն տարբերակը Հրայր Թովմասյանի տիպի` անորակ պոլիշով փայլեցված մեկն է, որի «մաքրության» մասին միֆը, հայտնի ասացվածքի կանոններով, կարող է տևել մինչև առաջին ասուլիսը:
Ինչ վերաբերում է Արմեն Հարությունյանին, կարծում եմ` նրա գործունեությունը Կենտրոնական Ասիայում արդյունավետ կլինի: Ռոբերտ Քոչարյանի վատագույն կադրը, անշուշտ, օգտակար կլինի ուզբեկաթուրքմենական բռնապետություններին ծառայելու առումով»: