«Զգացվում է, որ ռեժիմը վախեցած է, սարսափած է»: Նման կերպ է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը մեկնաբանել ՀԱԿ ակտիվիստների` երեկ ոստիկանություն բերման ենթարկելու փաստը:
Հիշեցնենք, որ երեկ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներից, որոնց բերման էին ենթարկել ոստիկանություն մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումն անցկացնելու ընթացքում, առգրավվել է 650 հատ թերթոն: Երիտասարդներին ոստիկանությունից բաց են թողել կեսգիշերին մոտ:
«Մեր բոլոր ակտիվիստներին տարբեր շրջաններում կանչում են ոստիկանություն, զրույցներ են անցկացնում, տեղ-տեղ փափուկ զրույցներ, տեղ-տեղ ակնարկներ, որ նրանց դեմ կարող են գործեր սարքվել», – ասել է Զուրաբյանը: Ըստ նրա` հայաստանյան իշխանությունները սարսափած են ՀԱԿ-ի` մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ:
«Ես կասեի, որ իրենց ռեակցիան այնքան էլ ոչ ադեկվատ չէ սարսափի առումով, բայց, իհարկե, եթե նրանք լինեին նորմալ օրինական իշխանություն, որը հասկանում է, թե ինչպես պետք է գործի դեմոկրատական իշխանությունը նման դեպքերում, նրանք երբեք նման ահաբեկումներ չէին կատարի: Նրանք կհասկանային, որ նման ահաբեկումները միայն ավելի են գրգռում մարդկանց, միայն ուժեղացնում են մեր հանրահավաքի թափը», – հայտարարել է Լևոն Զուրաբյանը: