Օրերս ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ձերբակալվել է ՀՀ Հարկային և մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի կնքահայրը` քրեական աշխարհում առավել հայտնի Արմո անունով, գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Լոս Անջելեսում օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Խաչատրյանի կնքահայրը Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում` Գլենդեյլում, Հոլիվուդում, Նորթ Հոլիվուդում վարձել է մեծ հողատարածքներով սեփական տներ, որոնք օգտագործել է կանեփ աճեցնելու համար: ԱՄՆ-ի իրավապահների մոտ կասկած է առաջացրել առաջին հերթին մի մարդու կողմից տարբեր հասցեներում միաժամանակ մի քանի տներ վարձակալելու փաստը: Մի քանի շաբաթ տևած հետաքննությունը պարզել է Արմոյի` բազմաթիվ տներ վարձակալելու իրական նպատակը: Մեր հայաստանյան աղբյուրները հայտնում են, որ Արմոյի դեմ խարդախության, տների կեղծ առքուվաճառքի մի քանի փորձերի առթիվ քրեական գործ է հարուցվել նաև Հայաստանում: Ըստ օրաթերթի տվյալների`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ Արմոյի ընտանեկան քավորն է: