Երեկ ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդները, ովքեր բերման էին ենթարկվել թռուցիկներ բաժանելիս և մի քանի ժամ անցկացրել էին ոստիկանության շենքում, Epress.am-ի հետ զրույցում պատմել են դեպքի մանրամասները:
Ակտիվիստներից Արեգ Գևորգյանը նշել է, որ փետրվարի 24-ի երեկոյան Աբովյան փողոցում իրեն է մոտեցել ոստիկանության աշխատակից և ասել հետևյալը. «Կարաս դադարեցնես բաժանելը»:
«Ես նրան ասեցի, որ անիմաստ պահանջներ է ներկայացնում և մենք բաժանելու ենք: Մի հատ թերթ էլ տվեցի: Հետո արդեն, երբ Մոսկովյան փողոցի խաչմերուկն անցանք, երկու մայթի էինք բաժանվել և իջնում էին, մեր հետևից ՊՊԾ-ի ոստիկաններն էին գալիս և երեք կարմիր բերետավոր: Արդեն որ Սայաթ-Նովան անցանք, այնտեղ շատացան: Իսկ երբ հասանք Հյուսիսային պողոտա, մեքենաները եկան կանգնեցին, երեք ոստիկանական մեքենա էր, մնացացածը սովորական մեքենաներ էին, չհասցրեցի հաշվել: Դուրս եկան, հարձակվեցին թերթերի վրա, ասեցին՝ թերթերը տվեք: Հարձակվողներից էին Ամիրխանյանը` Գեբելսը, Արայիկ Պետրոսյանը, քրեականի բոլոր աշխատողները, որոնց մենք գիտենք»,- ասել է Արեգ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ երիտասարդներին այդ ընթացքում հարվածել են:
«Մենք էլ կոչեր սկսեցինք վանկարկել՝ «Սերժիկ Մուբարաք», «Սերժիկ մարդասպան», «Մարտի 1-ի հանրահավաք»: Արդեն պիտի շարունակեինք ճանապարհը հետևներիցս եկան, բոլորիս շատ կոպիտ, այդ թվում՝ աղջիկներին, նստեցրեցին մեքենան ու տարան բաժին»,- ասել է Գևորգյանը:
Բերման ենթարկված աղջիկներից Հերմինե Մաթևոսյանը նշել է, որ իրենց վրա հարձակվել են համազգեստավոր մարդիկ, որոնք իր համար դեռևս ոստիկան չեն: Տաթևիկ Պողպատյանն էլ ասել է. «Ընթացքում զգում էինք, որ մեզ հետևում էին, մի երեսուն հոգի կլինեին, համ քաղաքացիական հագուստով, համ էլ համազգեստավոր էին, առանց ներկայանալու սկսեցին քաշքշել ու ասեցին՝ «չեք բաժանելու», ասեցինք՝ «օրենք ասեք», նրանք պատասխանեցին՝ «մենք ձեր հետ օրենքով չենք խոսում, մենք ուղղակի ասում ենք՝ թերթերը տվեք ու գնացեք»: Դրանից հետո թերթերը պատռեցին, քաշքշեցին տղաներին, խփեցին ու մի ձև մտցրեցին ավտոները ու տարան»:
Բերման ենթարկվածներից Մարիամ Մուրադյանի խոսքով՝ իրենց բերման ենթարկելիս մի ոստիկան, ով իրեն քաշելով նստեցրել է ոստիկանական մեքենան, խլել է նաև իր հեռախոսը:
«Երբ բաժնում ես այդ մասին բարձրաձայնեցի, սկզբում ասացին՝ իրենք հեռախոս չեն վերցրել, և երբ ես տեսա իմ հեռախոսը խլողին և այդ մասին բարձրաձայնեցի, ասացին, որ իմ հեռախոսը առգրավել են, և միայն մեր աղմկելուց հետո որոշ ժամանակ անց հեռախոսս հետ վերադարձրեցին»,- ասել է Մարիամ Մուրադյանը:
Նշենք նաև, որ մինչ երիտասարդներին բաց կթողնեին, ոստիկանները Երևանի ոստիկանության քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի մոտ հավաքված տասնյակ մարդկանց պարբերաբար հրում էին: ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ով փորձում էր հանդարտեցնել իրավիճակը, ոստիկաններին ուղղված մի զգուշացումով հանդես եկավ.
«Այսուհետ այն քաղաքացիական հագուստով անձը` կլինի ոստիկան, թե ով, եթե չի ներկայանա ու կփորձի ապօրինություն անել, շան ծեծ եմ տալու»: