Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներից, որոնց բերման էին ենթարկել ոստիկանություն մարտի 1-ի հանրահավաքի իրազեկումն անցկացնելու ընթացքում, առգրավվել է 650 հատ թերթոն: Նշենք, որ երիտասարդներին ոստիկանությունից բաց են թողել կեսգիշերին մոտ:
«Երբ մեզանից առգրավել են դրանք, մենք պահանջել ենք, որ արձանագրեն, որ առգրավում են Հայ Ազգային Կոնգրեսի թերթոնները` մարտի մեկի 10 զոհերի նկարներով», – Epress.am-ի հետ զրույցում ասել է երեկ բերման ենթարկված ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:
Ոստիկանությունում երիտասարդների պահանջից հետո արձանագրել են, որ թերթերը առգրավվում են:
Սարգիս Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ իրենք այսօր ևս շարունակելու են իրազեկումը` թերթոնները բաժանելով:
ՀԱԿ ակտիվիստները պատմել են նաև, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են մարդկանց դռները և հորդորում են մարդկանց չգնալ մարտի 1-ի հանրահավաքին: Ակտիվիստների խոսքով` ոստիկաններն այդքանով օգնում են իրենց` դրանով իսկ իրազեկելով քաղաքացիներին հանրահավաքի մասին: