Փետրվարի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում Գյումրու գարեջրի գործարանի սպանություն է տեղի ունեցել: Սպանվածն ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի» գարեջրի գործարանի անվտանգության աշխատակից Արթուր Առաքելյանն է:
Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ, սպանության պատճառը հետևյալն է եղել. գարեջրի գործարանից երեք բանվորներ գողություն են կատարել, որը բացահայտվել է, և գործարանի անվտանգության աշխատակիցները բանվորներին ասել են, որ վերջիններս ազատված են աշխատանքից:
Նրանց աշխատանքից ազատելուց կես ժամ հետո անվտանգության աշխատակիցները հեռախոսազանգ են ստացել և նրանց անհայտ զանգողը դուրս է հրավիրել:
Երբ աշխատակիցները դուրս են եկել, տեսել են մոտ տասը մարդու, որոնք հարձակվել են անվտանգության աշխատակիցների վրա և դանակահարել են նրանցից երկուսին: Գլխին ստացված դանակի հարվածից Արթուր Առաքելյանը մահացել է, իսկ Վարդան Ասատրյանը, ում երեք տեղից դանակի հարված են հասցրել, տեղափոխել են հիվադանոց, որտեղ նրան վիրահատել են:
Երեք բանվորները ձերբակալված են: