«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Սերժ Սարգսյանին կից ստեղծված Հանրային խորհուրդ անունով կառույցը երեկ մի հաղորդագրություն է տարածել, որի վերնագրին կնախանձեին դասական երգիծաբանները. «Քըրք Քըրքորյանը համաձայնել է ստանձնել «Սիս, Մասիս, Նոր Հայաստանի» կառավարումը»:
Վերը նշված փիս հայրենասիրական անունով ծրագրի հեղինակները ցանկանում են Հայաստանում «լճափնյա հանգստավայրեր կազմակերպել` Եղվարդի ջրամբարից մինչև խաղատուն, զվարճանքի և հանգստի, մարզական այլ շինություններ կառուցել»: Այսինքն, ինչ-որ մարդիկ զվարճանքի հերթական օբյեկտներն են ցանկանում կառուցել: Իսկ ին’չ կապ ունի դրա հետ Քըրք Քըրքորյանը: Հիշեցնենք, որ նա մի քանի օր առաջ լուծարեց «Լինսի» հիմնադրամը` հաշվեհամարին եղած 200 մլն. դոլարը նվիրաբերելով Կալիֆորնիայի համալսարանին: Պարզվում է` ծրագրի հեղինակները դիմել են Քըրք Քըրքորյանին, և «նա ներդրումների համար` ոչ, բայց կառավարման համար իր համաձայնությունը տվել է»: