Home / Հայաստան / Քոչարյանների ընտանիքը քննարկում է թերթի առաջարկը

Քոչարյանների ընտանիքը քննարկում է թերթի առաջարկը

«Ժամանակ» օրաթերթը ցանկանում է հաշտության համաձայնություն կնքել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ:

Ուրբաթ օրը դատական նիստի ժամանակ օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը առաջարկեց Քոչարյանների ներկայացուցչին հերքման տեքստ պատրաստել` հաշտության գալու համար, եթե Քոչարյանների պաշտպանական կողմի նպատակը լրատվամիջոցին նյութական վնաս հասցնելը չէ:

Հերքումը նախապատրաստելու համար դատարանը օրաթերթին ժամանակ տվեց: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 14-ին, հաղոդրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ժամանակ» օրաթերթում անցած տարվա սեպտեմբերին տեղ գտած երեք հրապարակումների կապակցությամբ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դատական հայց էր ներկայացրել թերթի դեմ, որով պնդում է, որ այդ հրապարակումները արատավորել են նախկին նախագահի որդու և կնոջ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը:

Թերթը գրել էր, թե նախկին նախագահի տիկին Բելլա Քոչարյանը զբաղվում է դեղագործական բիզնեսով, նրան է պատկանում «911» դեղատների ցանցը, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը, ոմն ձեռնարկատերից խլել է առեւտրային կազմակերպություն: Հրապարակումներից մեկի համաձայն էլ` Սեդրակ Քոչարյանը նաև ադամանդի հանք է տնօրինում Հնդկաստանում:

«Ժամանակ»-նը արդեն մեկ անգամ տպագրել է հերքում, որոնցում կրկին վերաշարադրել է հրապարակման բովանդակությունը: Այս հանգամանքը Քոչարյան ընտանիքը համարում է իր բարի համբավին հասցված կրկնակի վնաս, և հենց դրա համար է դիմել դատարան` պահանջելով հերքում տպագրել, ինչպես նաև 6 միլիոն դրամ` իբրև վնասի փոխհատուցում:

«Ժամանակ»-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ պատրաստ են հրապարակել հերքման ցանկացած տեքստ, եթե այն «ողջամիտ» լինի:

«Եթե դրանով չվիրավորվի երրորդ անձանց իրավունքները, իհարկե, պատրաստ ենք տպել», – ասաց Բաղդասարյանը:

Սակայն «Ժամանակ»-ի ներկայացուցիչը և նրա պաշտպանյալը կարծում են, որ հերքման տեքստ չի լինի:

«Ներկայացված հայցադիմումի բովանդակությունից երևում է, որ տեքստ չի լինելու երբևիցե: Այսինքն, այստեղ հերքելու նպատակ չկա, մենք սրանով ևս մի անգամ ուզում ենք ապացուցել, որ իրենք ոչ մի բան էլ չեն ուզում հերքել կամ հակառակը` ասեն, որ իրենց զրպարտել են: Մենք սպասում ենք այդ տեքստին, համոզված չենք, որ կլինի», – ասաց Բաղդասարյանը:

Հարցին, եթե համաձայնություն չստանան Քոչարյանների կողմից, որո՞նք են լինելու «Ժամանակ»-ի քայլերը, փաստաբանը պատասխանեց. «Նախ, ինձ` որպես իրավաբանի, ակնհայտ է, որ իրենք խախտել են դատարան դիմելու դատավարական ժամկետները: Այդ ժամկետը սահմանված է մեկ ամիս` իրենց մասին վիրավորական տեղեկություն հրապարակելուց հետո: Ակնհայտ է` իրենք որ պահին են իմացել, քանի որ գրավոր դիմել են թերթին, եւ ակնհայտ է` որ պահին են նրանք դիմել դատարան` այդ ժամկետը հայցադիմումից է երեւում: Այսինքն` միանշանակ մեկամսյա ժամկետը իրենք խախտել են, այստեղ դատարանը այլընտրանք չունի, քան մերժել նրանց հայցը»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞րն է «Ժամանակ»-ի խնդիրը, որ ուզում է համաձայնության գալ Քոչարյանների հետ, եթե դատարանը նրանց հայցը մերժելու այլընտրանք չունի, Բաղդասարյանը հետեւյալ կերպ պատասխանեց. – «Խնդիրը նրա մեջ է, որ խախտումը թույլ է տվել փաստաբանը: Բովանդակային առումով եթե թերթը պատրաստակամություն է հայտնում, որ եթե կան խնդիրներ, որոնցով վիրավորվել է իրենց պատիվն ու արժանապատվությունը, պատրաստ է վերականգնել: Ցանկացած մարդը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի դրանց վերականգնման ամենաարդյունավետ միջոցի, եւ այդ արդյունավետ միջոցը մենք իրենց առաջարկում ենք»:

Նախկին նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Քոչարյանները քննարկում են հաշտություն կնքելու մասին «Ժամանակ»-ի առաջարկը: Որոշումը դեռ կայացված չէ: