The Wall Street Journal ամերիկյան թերթի բլոգում հրապարակվել է այն երկրների ցուցակը, որտեղ հնարավոր են հակակառավարական ցույցեր, ինչպես դա տեղի ունեցավ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում:
Թերթի առաջարկած բողոքական տրամադրությունների ցուցիչը հիմնվում է երեք ցուցանիշների վրա` կոռուպցիայի ցուցիչ, որը կազմում է Transparency International կազմակերպությունը, ՄԱԿ-ի մարդկային զարգացման ցուցիչ և Ջինիի ցուցիչ (երկրի առավել առաջադեմ խմբի եկամուտների կենտրոնացման ցուցիչը համեմատ միջին եկամուտ ունեցող մարդկանց հետ):
Ամենապայթյունավտանգ երկրների առաջին տասնյակում են ընդգրկվել հետևյալ պետությունները.
1. Քենիա
2. Կամերուն
3. Պակիստան
4. Նիգերիա
5. Ինդոնեզիա
6. Ֆիլիպիններ
7. Գվատեմալա
8. Մարոկո
9. Հորդանան
10. Ադրբեջան
Հետաքրքրական է, որ Լիբիան, որտեղ այս օրերին արյունոտ բախումներ են տեղի ունենում, այս ցուցակում գտնվում է միայն 13-րդ տեղում:
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Ուզբեկստանը զբաղեցնում է 15-րդ տեղը,Վրաստանը 18-րդն է, Թուրքմենստանը` 19-րդը, Ուկրաինան` 22-րդը, Բելառուսը` 29-րդը, Ղազախստանը` 31-րդը, Ռուսաստանը` 40-րդը:
Վարկանշային ցուցակում բացակայում են Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը:
Նշենք, որ ցուցակի հեղինակներն ամենաանհավանականն են համարում բողոքական տրամադրությունների բռնկումը Շվեդիայում, Ավստրիայում, Կանադայում, Դանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Նորվեգիայում, Հոլանդիայում, Ֆինլանդիայում և Ավստրալիայում, որոնք ցուցակում զբաղեցրել են ամենացածր հորիզոնականները: