ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է պատժամիջոցներ կիրառել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և նրա ընտանիքի նկատմամբ:
Ինչպես հաղորդել են Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչները, ԱՄՆ նախագահը կարծում է, որ արաբական երկրում տիրող իրավիճակը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը, հաղորդում է Associated Press-ը:
Խոսքը վերաբերում է խոշոր ֆինանսական սահմանափակումներին, մասնավորապես, Քադաֆիի և նրա ընտանիքի հաշիվների սառեցմանը:
Օբամայի որոշման մասին հայտարարվել է նրանից հետո, երբ հարյուրավոր ամերիկացիներ բարեհաջող կերպով տարհանվել են Լիբիայից:
Նշենք, որ Քադաֆիի հաշիվները սառեցնելու մասին որոշում է կայացրել նաև Բրիտանիան: Լոնդոնում նրա անշարժ գույքը և անգլիական բանկերում կուտակած գումարները մոտակա օրերս կառգրավվեն բրիտանական իշխանությունների կողմից, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Լիբիայի բռնապետը մի քանի միլիարդ դոլարի հասնող հաշիվներ ունի անգլիական բանկերում, ինչպես նաև առևտրային անշարժ գույք և առանձնատուն Լոնդոնում: Այս ամենի ընդհանուր գումարը կազմել է 20 մլրդ դոլար: