Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ դիմումը:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ դատախազության` «Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով»:
Տիգրան Փոստանջյանը, ով փետրվարի 23-ին ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից, ավելի վաղ իր հայտարարության մեջ նշել էր, որ դա քաղաքական հետապնդում է` կապված իր քրոջ` Զարուհի Փոստանջյանի գործունեության հետ:
Փետրվարի 25-ին դատական գործի քննման ժամանակ դատարանի շենքի առջև անցկացվել է ակցիա` ի պաշտպանություն Տիգրանի, որին, բացի Զարուհի Փոստանջյանից և «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանից, մասնակցում էին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը և Տիգրան Խզմալյանը, ինչպես նաև Երևանում վերջին շրջանում անցկացվող տարբեր սոցիալալական ակցիաների մի քանի տասնյակ մասնակիցներ:
Դատարանի առջև հավաքվածներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված են մի շարք կարգախոսներ` «Չեք վախեցնի», «Մենք բոլորս Տիգրան ենք», «37 թիվը չի կրկնվի», «Տիգրան Փոստանջյանը վրեժխնդրության զոհ է»: Ակցիան ուղեկցվում է վանկարկումներով ու երգերով, մասնավորապես, այս պահին հավաքվածները երգում են «Զարթնիր, լաո, մեռնիմ քզի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործը հաշվեհարդար է գյումրեցի և վանաձորցի վարորդների բողոքի ակցիաներին իր մասնակցության համար:
Նա նշել է, որ գյումրեցի վարորդներն իրեն փոխանցել են ոստիկանների խոսքերը: Վերջիններս հանդիպել են բողոքող վարորդներին և ասել են, որ «Փոստանջյանը չի կարողանում իր եղբորը իրավունքները պաշտպանել, Ձերը ոնց ա պաշտպանելու»: