«Արթիկ» ՔԿՀ վարչակազմը երեկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդներին արգելել է հանդիպել այնտեղ պահվող դատապարտյալների հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Այս լուրը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը: «Արթիկ» ՔԿՀ-ում է պահվում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը: Բացառված չէ, որ դիտորդներին թույլ չեն տվել ՔԿՀ մտնել, որ նրանք չկարողանան հանդիպել քաղբանտարկյալի հետ: Մեր տեղեկություններով, Նիկոլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՔԿՀ-ի վարչակազմին է հանձնել մեր թերթին հասցեագրված երեք նամակ: Սակայն, ինչպես տեղեկացանք «Հայփոստից», մինչև երեկ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմն այդ նամակները չի հանձնել «Հայփոստի» Արթիկի բաժանմունք: Սաքունցը մեր քղթակցին ասել է, որ պատրաստվում է հրատապ զեկույց ներկայացնել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Վերջինիս պատասխանը ստանալուց հետո դիտորդական խմբի ղեկավարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակի այն` հրատապ զեկույցի հետ միասին: