Home / Հայաստան / ՀԱԿ անդամ կուսկացությունների հայտնի դեմքերին խնդրում են չմասնակցել մարտի 1-ի հանրահավաքին

ՀԱԿ անդամ կուսկացությունների հայտնի դեմքերին խնդրում են չմասնակցել մարտի 1-ի հանրահավաքին

Մարտի մեկի հանրահավաքի սպասումից իշխանություններն այնքան են սարսափել, որ բանը հասել է նրան, որ արդեն ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացիներին են հորդորում, սպառնում , խնդրում չգնալ հանրահավաքների, այլև արդեն անգամ «Ղարաբաղ» կոմտեի անդամներին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Փետրվարի 25-ին ոստիկանությունից զանգել են «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին և բառացիորեն խնդրել են չմասնակցել մարտի մեկի հանրահավաքին: Ի պատասխան, Սամսոն Ղազարյանը ասել է, թե ինքը այդ օրը թեև աշխատանքի է լինելու, սակայն այդ զանգից հետո արդեն սկզբունքորեն մասնակցելու է մարտի մեկի հանրահավաքին: Ի դեպ, այդ կապակցությամբ, Սամսոն Ղազարյանը մի ուշագրավ պատմություն է հիշել 1988-ի շարժման տարիներից: Մասնավորապես, Ղազարյանը պատմում է, որ նույն կերպ նման խնդրանքով իրենց դիմել էին 88-ի մայիսի 12-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից առաջ, երբ այդ օրերին խորհրդային բանակը շրջափակել էր Ազատության հրապարակը: Այն ժամանակ, պարոն Ղազարյանի խոսքով, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին կանչում էին տարբեր ինստանցիաներ, իսկ իրեն կանչել էին ուժային կառույցների ներկայացուցիչներ Հուսիկ Հարությունյանը ու Գրիգորի Գրիգորյանը և խնդրել հանրահավաք չանել: Ի պատասխան, Ղազարյանն ասել է, որ իհարկե, իրենք կարող են հանրահավք չանել և պասիվացնել բնակչությանը, սակայն հարցրել է, թե այդ դեպքում, երբ որ իրենք գնան Մոսկվա` թիկունքում ունենալով հլու-հնազանդ ժողովուրդ` ի՞նչ պետք է այնտեղ խոսեն: Այդ հարցադրումից հետո Հուսիկ Հարությունյանը լռելյայն ոտքի է կագնել, սեղմել Սամսոն Ղազարյանի ձեռքը, իսկ Գրիգորյանն ուղեկցել է վերջինիս մինչև շենքի մուտքը: Իսկ նախանշված հանրահավաքն էլ կայացել է Կասկադում:

Ի դեպ, մեր տեղեկություններով, մարտի մեկի հանրահավաքին չմասնակցելու «խնդրանքով» իշխանությունները և, մասնավորապես, իրավապահները այս օրերին դիմել են Հայ Ազգային Կոնգրեսի անդամ մի շարք կուսակցությունների հայտնի դեմքերին, և անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական թիկնազորի անդամներին: