Երեկ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին դուրս է եկել երկրի մայրաքաղաք Տրիպոլիի Կանաչ հրապարակ և դիմել է իր կողմնակիցներին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մեկնարկած հակակառավարական ցույցերի ընթացքում Լիբիայում ամեն օր արյունոտ բախումներ են գրանցվում ցուցարարների և զորքերի միջև, որոնց հետևանքով զոհվում են հարյուրավոր մարդիկ:
«Եթե հարկ լինի, մենք կարող ենք հետ մղել յուրաքանչյուր ագրեսիա, մենք կարող ենք զինել ժողովրդին: Մենք կպայքարենք… մենք պարտության կմատնենք նրանց, եթե նրանք ցանկանում են, մենք կհաղթենք յուրաքանչյուր օտար ագրեսորի», – իր ելույթում հայտարարել է Քադաֆին:
Նա խորհուրդ է տվել իր կողմնակիցներին «պարել, երգել և պատրաստ լինել»:
«Սա է ոգին… Դա ավելի լավ է, քան արաբական քարոզչության ստերը», -նշել է նա:
Քադաֆիի ելույթն ընթանում էր այն ժամանակ, երբ հազարավոր ցուցարարների դուրս էին եկել Լիբիայի քաղաքների փողոցներ` շարունակելու հակակառավարական ցույցերը:
Տրիպոլիում Քադաֆիին սատարող զորքերը սկսել են կրակել ցուցարարների վրա, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Ականատեսների փոխանցմամբ` կառավարական զորքերը կրակ էին բացում ամբոխի վրա առանց երկմտելու:
Պաշտոնյաներն ու լրատվամիջոցները հստակ չեն կարողանում նշել զոհերի թիվը. տարբեր աղբյուրների տվյալների համադրության արդյուքնում իրավապաշտպանները նշում են, որ զոհերի թիվն անցել է 2000-ը:
Չնայած արյունալի բախումներին, մարդիկ շարունակում են ցույցեր կազմակերպել և հայտարարում են, որ չեն պատրաստվում դադարեցնել պայքարը: