Լիբիայի ազգային խորհրդի նախագահ, արդարադատության նախկին նախարար Մուսթաֆա Մուհամեդ Աբդել Ջալիլը հայտարարել է բրիտանական Sky News հեռուստաընկերությանը, որ ընդդիմադիրները պատրաստվում են գրավել երկրի մայրաքաղաք Տրիպոլին:
Տրիպոլին դեռևս գտնվում է Մուամար Քադաֆիի համախոհների վերահսկողության տակ:
Ապստամբները շարժվում են Տրիպոլիի ուղղությամբ` միաժամանակ տարբեր բնակելի տարածքներ գրավելով: Ընդդիմությունն արդեն ղեկավարում է ոչ միայն Լիբիայի ողջ արևելքը, այլ նաև երկրի հարավն ու կենտրոնի մի շարք շրջաններ:
Մուսթաֆա Մուհամեդ Աբդել Ջալիլի խոսքով` երբ Տրիպոլիի բնակիչները հաղթեն «ճնշողներին», Մուամար Քադաֆիի իշխանությունը կտապալվի: Ինչպես հաղորդել է նախկին նախարարը, եթե տեղի ապստամբների ուժը չբավարարի Քադաֆիին պաշտոնանկ անելու համար, նրանց օգնության կհասնեն զինված ընդդիմադիրները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մեզ ընդամենը անհրաժեշտ է Լիբիայի օդային տարածքը դարձնել անանցանելի` Քադաֆիի համար կռվող վարձկանների մուտքն արգելափակելու համար»,-ասել է Ջալիլը: Միաժամանակ, նրա խոսքով` լիբիական ընդդիմությունը անհնարին է համարում այս հարցում միջազգային հանրության հնարավոր միջամտությունը:
«Ցանկացած միջամտություն հետ կմղվի առավել մեծ թափով», – հայտարարել է նա:
Երկուշաբթի շարունակվում են ռեժիմի կողմնակիցների և հակառակորդների միջև ընթացող արյունահեղ բախումները: Երկրում սով է սկսվում, զինվորականները չեն թույլատրում, որ հումանիտար օգնության բեռնատարները մուտք գործեն երկիր:
Տրիպոլիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Զավիյահ քաղաքը ներկայուս ռազմական շրջափակման մեջ: Բնակիչներից մեկը պատմել է, որ զինվորականները թույլ չեն տալիս անգամ բժիշկների մուտքը քաղաք և սա այն դեպքում, երբ տասնյակ վիրավորներ բժշկի կարիք ունեն: